Նորություններ
Շիրակի մարզպետը հետևել է Կապսի ջրամբարի հորատման աշխատանքներին
03.08.2017
Արթուր Խաչատրյանն օգոստոսի 3-ին այցելել է Կապսի ջրամբարի տարածք, որտեղ այժմ ընթանում են հորատման և գեոտեխնիկական աշխատանքներ: Շիրակի մարզպետը մասնագետների հետ քննարկել է երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկությունները, աշխատանքների ընթացքը` կարևորելով ջրամբարի շինարարության իրականացումը, ինչն ըստ Արթուր Խաչատրյանի կարող է հեղափոխել մարզի ողջ գյուղատնտեսությունը, օգնել ավանդական ցորենից ու գարուց անցում կատարել առավել բարձրարժեք գյուղատնտեսության:
Նշենք, որ Կապսի ջրամբարի կառուցման շինարարությունը սկսվել էր դեռևս 1980-ական թվականներին, այն կառուցվում էր Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների սահմանագծում Ախուրյան գետի վրա, Կապս գյուղի մոտակայքում: Ջրամբարի շինարարությունը դադարեցվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Այժմ Կապսի ջրամաբարի տարածքում հետազոտությունների ավարտից հետո նախատեսվում է նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացում: Ըստ նախնական ծրագրի ջրամբարը կառուցվելու է 2 փուլով՝ 1-ին փուլում այն կունենա 25 մլն մ3 ծավալ, որը հետագայում կհասցվի մինչև 60 մլն մ3 ինքնհոս ոռոգման փակ ցանցով:
Ջրամբարի կառուցման դեպքում ոռոգելի կդարձվի Արթիկի և Անիի տարածաշրջանների վարելահողերի մեծ մասը, միաժամանակ կբարելավվի Ախուրյանի տարածաշրջանի շուրջ ոռոգելի հողերի ջրապահովվածությունը։