Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ի բացման արարողությունը

22.08.2017



Օգոստոսի 22-ին Գյումրու «Հոկտեմբեր» կ/թ-ում տեղի ունեցավ 2017 թվականի «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ի բացման արարողությունը: Օգոստոսի 22-25-ը ՀՀ Շիրակի մարզում անցկացվող 6-րդ պլեները նվիրված է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս տարի պլեներին կմասնակցեն 45 երիտասարդ արվեստագետներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Բելոռուսից:
Ճեմասրահում նախորդ տարիների աշխատանքները դիտելուց հետո Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և պլեների այլ մասնակիցներ մասնակցեցին բացման արարողությանը, որին իր խոսքով հանդես եկավ պարոն մարզպետը՝ ասելով. «Սիրելի մասնակիցներ, շատ երջանիկ եք, որ կարողանում եք ձեր ոգու, մտքի արտահայտությունը, զգացմունքները կտավի միջոցով արտահայտել, իրոք, դա մեծ երջանկություն է: Հույս ունեմ, որ այս պլեները, որը մենք կազմակերպում ենք, մի փոքր ավել ձեզ կոգնի ձեր վարպետությունը կատարելագործել, հնարավորություն կստեղծվի շփվել ձեր ընկերների հետ, բացի ամեն ինչից, նոր ընկերներ ձեռք բերել, ներքնաշխարհ հարստացնել մեր Շիրակի գեղեցիկ բնությամբ: Այվազովսկու հետ կապելը պատահական չէ` հիշում եմ, որ առաջին և միակ անգամ, երբ երեխա էի, Ֆեոդոսիայում մտա իր տուն թանգարանը. հենց մտնում ես ներս, պատի վրա մի մեծ նկար կար, որը կոչվում է«Ալիքներ», քայլ դրեցի ու հետ ընկա. ինձ թվում էր, որ հիմա այդ ծովը գալու է վրաս: Ձեզ բոլորիդ մաղթում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո Այվազովսկու, Մինասի և մեր մնացած նկարիչների անվան շարքում նշվեն նաև ձեր անունները»:
Պլեների նպատակն է՝ երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք:
Օգոստոսի 22-25-ը բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք կողքի, երիտասարդ նկարիչները և արվեստագետները կմասնակցեն վարպետության դասերի, կնկարեն և կմեկնաբանեն Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները իրենց գույներով:
«Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեները» հնարավորություն կտա երիտասարդներին՝ ճանաչելու և արժևորելու հայ մշակույթի գանձերը:
Պլեների օրերին կլինեն էքսկուրսիաներ և բացօթյա նկարչություն Երերույքի տաճարի /օգոստոսի 23-ին/ և Մարմաշենի վանական համալիրի /օգոստոսի 24-ին/ տարածքներում:
Պլեների վերջին օրը՝ օգոստոսի 25-ին, պլեների մասնակիցները կմեկնեն Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան:

2012 թվականից Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքին կից գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անց է կացվում «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները», որին մասնակցում են երիտասարդ նկարիչներ ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից, Արցախից, սփյուռքից և արտերկրից:
2013 թվականին պլեներին մասնակցեցին երիտասարդ նկարիչներ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից, Ուդմուրտիայի Հանրապետությունից, Վրաստանի մայրաքաղք Թբիլիսիից, Ջավախքից:
2014 թվականին պլեները հյուրընկալեց երիտասարդ նկարիչների պատվիրակություններ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից, Թբիլիսիից, Մոսկվայից, Պյատիգորսկից, Բելոռուսի Հանրապետությունից:
2015 թվականի օգոստոսի 27-30-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքին կից գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անցկացվեց «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 4-րդ պլեները»: Այն նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` կրելով «Վերածնված Հայաստանի արվեստագետները» խորագիրը: Հոբելյանական այս միջոցառումն իր մեջ ներառեց նաև երկու այլ հոբելյանների արժևորման խորհուրդ` նվիրվելով հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 135 և ծնունդով Շիրակցի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի մահվան 40-ամյակներին: Պլեները համախմբեց 45 երիտասարդ արվեստագետներ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից, Սփյուռքից և արտերկրից:
2016 թվականի օգոստոսի 28-31-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անցկացվեց «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեները»: Այն նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին և ունեցավ «Անկախ Հայաստանի երիտասարդ արվեստագետները» խորագիրը: Պլեները համախմբեց 60 երիտասարդ արվեստագետների ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44