Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

25.08.2017

Օգոստոսի 25-ին Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արայիկ Իսպիրյանը: Բացման խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրայնը:
«Մենք խոսելու ենք մեր առջև դրված խնդիրներից, ինչքան էլ խոսենք, էլի խոսելու տեղ ունենք կրթության կարևորության մասին, մանավանդ հիմա 21-րդ դարում հաղթում են այն ազգերը, ովքեր ունեն գիտելիք, ովքեր ասելու բան ունեն, ովքեր ապահովվում են առաջընթացը, ածուխի, ոսկու, նավթի դարը գնալով անցնում է, ապագան այն ազգերինն է, այն պետություններինն է, ովքեր ունեն կրթված սերունդ, բանիմաց երիտասարդներ, ովքեր ունեն իրենց ներդրումը գիտության, տեխնոլոգիայի զարգացման մեջ: Սերմերը մենք ցանում ենք այսօր՝ նախակրթարաններից սկսած, եթե ուզում ենք ճիշտ ճանապարհ անցնել, առաջին քայլը պետք է ճիշտ ուղու վրա դրվի, պետք է երեխաներին կրթենք, դաստիարակենք բաց, ուղեղները բաց, սովորել սովորեցրեք, որ երեխան հասկանա, ինչպես են սովորում, հասկանա, գնահատի գիտության, գիտելիքի, կրթության արժեքը, դոգմաները պատրաստ լինի վիճարկել, կարողանա իր համար աշխարհը ճիշտ բացահայտի, քննադատաբար մտածող սերունդ դաստիարակեք, պատասխանատու՝ հայրենիքի, երկրի, ծնողների, իր առջև, պատասխանատու սերունդ դաստիարակեք»:Մարզպետի խոսքերով աշխատանքն արվում է, գնահատվում է այդ ամենը, ի վերջո մեր մոտ ամենահարգելի մարդն ուսուցիչն է: «Դուք էլ եք աշակերտ եղել, դուք էլ եք հարգանքով հիշում ձեր ուսուցիչներին, ես էլ եմ աշակերտ եղել, ի դեպ, իմ ուսուցիչը լենինականցի էր, շատ առաջավոր դասարան ստեղծեց, և բոլորոս հարգում և սիրում ենք մեր ուսուցիչներին, երեխաներին բաց դաստիարակենք, որ երեխաները կարողանան սպունգի նման այդ ամեն ինչը կլանեն, այ հիմա շատ են ասում ֆինական համակարգ, եվրոպական համակարգ, բայց դրանց տարբերությունն այն է, որ երեխաներին ազատ են թողնում, այսինքն մի կողմից ազատ են թողնում, մյուս կողմից ուղղորդում են` ինչ ճանապարհով գնա և ինչպես գիտելիք քաղի: Խնդրիրները շատ են, գիտեմ, հասկանում եմ, ֆինանսական խնդիրները բավականաչափ ծանր են` դպրոցներ ունենք, որտեղ երեխաներ տանելը ցանկալի չի, բայց դա էլ մաս-մաս փորձում ենք լուծել, վերանորոգման կարիք ունեն, հիմնանորոգման կարիք ունեն, դասագրքերով, տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովման կարիք ունեն»: Որպես ուրախալի լուր Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ, արդեն նախնական համաձայնություն ունեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ. սկզբից Գյումրու, հետո մարզի այն դպրոցներում, որտեղ համակարգիչներն այլևս պիտանի չեն, ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասերը կկազմակերպվեն տեխնոլոգիական կենտրոնում, և ուսուցիչներն այնտեղ դասերը կանցկացնեն կենտրոնի մասնակիցների հետ:
«Տասնյակ դպրոցներում լոգոպեդի թափուր հաստիք ունենք, անհասկանալի է, պետք է փորձենք միասնական լուծումներ գտնենք, համալրենք ուսուցիչների թափուր հաստիքները, ընդունելի չի դա և այն դպրոցներում, որտեղ մենք թափուր հաստիքներ ունենք, չենք կարողանում համալրել»:Մարզպետը հավելեց, որ տնօրենների հետ ուզում է խոսել, հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ուսուցիչ չի գալիս՝ այն էլ այս գործազրկության պայմաններում դա հասկանալի չէ, դա կարմիր լույս է, որ ուշադրություն է պահանջում, և այդ հարցին պետք է լուծում տրվի: Արթուր Խաչատրյանի կարծիքով խնդիրները շատ են, հարգանքն ուսուցչի նկատմամբ՝ առավել մեծ և միասին կկարողանան խնդիրները հաղթահարել:
«Պետք է այնպես անենք, որ առաջին դասարանցիները սեպտեմբերի մեկը ամբողջ կյանքում հիշեն, տոն սարքեք երեխաների համար, որովհետև ես իմ առաջին դասարանը հիշում եմ, սեպտեմբերի մեկը հիշում եմ, չնայած ներկից նստարանիս փեղկը չէր փակվում, բայց ուրախ բաներ էլ եմ հիշում. երեխաների համար տոն սարքենք»,- նշեց մարզպետը:
Մարզի հանրակրթական բնագավառի 2016-2017 ուստարվա գործունեության արդյունքների և 2017-2018 ուստարվա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հրայր Կարապետյանը, ով հիմնականում անդրադարձավ դպրոցներում կարգ ու կանոնի, տնօրենների և տեղակալների աշխատակարգի, դպրոցներում դրամահավաքության խնդիրներին, սակայն բուն խոսքն ուղղեց տնօրենների արտաքին տեսքին և կարգապահությանը: «Խոսեմ տնօրենների առաջին հայացքից անլուրջ թվացող, բայց ինձ համար լուրջ հարցի մասին՝տնօրենների արտաքին տեսքի, տնօրենների խիստ աշխատանքային կարգապահության մասին: Ինձ թող ներեն, բնավ միտք չունեմ ոչ մեկին վիրավորելու, ունենք տնօրեններ, որ երբևէ չես կարող տարբերել դպրոցի պահակից, բակապահից, և ունենք տնօրեններ շատ հարիր տեսքով, որոնց ընդամենն արտաքին տեսքը նկատելով, քաշվենք, մի պահ էլ հետ պահենք մեզ շփվելուց: Հատկապես տղամարդ տնօրեններին չեմ կարող ընդունել այն հանգամանքով, երբ ոչ սափրված, ոչ սթափ վիճակում կարող են մտնել դպրոց: Կարող են մտնել ոչ ճիշտ ժամանակին, կարող են դպրոցից բացակայել»-, խոսքն ավարտեց վարչության պետը: Նախարարի տեղակալը նույնպես խոսեց կրթական բարեփոխումներից և կրթության ոլորտում իրականացվող ծրագրերից, որոնք պարտադիր չէ, որ լինեն միայն նախարարության կողմից ներկայացված: Պատասխանելով մի քանի տնօրենների բարձրացրած հարցադրումներին՝ պարոն Մկրտչյանը նկատեց. -«Եթե դպրոցն ունի մի առաջարկ, մի ծրագիր, որը հիմնավորված է, նման առաջարկները ներկայացրեք նախարարություն, մենք կուսումնասիրենք, կտանք պատասխան. անկախ նրանից այն կլինի բացասական, թե դրական, եթե կա առաջարկություն, այն անպայման պետք է ունենա պատասխան»: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արայիկ Իսպիրյանն էլ խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց միասնական քննությունների Շիրակի մարզի վերլուծության վերաբերյալ հետևյալ ըվյալները, ըստ որի 2017թ. Շիրակի մարզից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայտարարագրվել է 871 դիմորդ, որոնցից 765-ն /87.8%/ ընդունվել է ԲՈՒՀ, ինչը ծափողջույններով ընդունվեց մասնակիցների կողմից, վերջին հաշվով նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի յուրաքանչյուր ընդունված երեխայի գիտելիքների ձեռք բերման և դաստիարակության գործում: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորեց տնօրեններին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և կրկին հորդորեց սեպտեմբերի 1-ը երեխաների համար վերածել տոնի :
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58