Նորություններ
Շնորհակալագրեր «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեների» մասնակիցներին
25.08.2017
Օգոստոսի 25-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհակալագրեր հանձնեց օգոստոսի 22-25-ը Շիրակի մարզում անցկացված «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեների» մասնակիցներին: Մարզպետը հետաքրքրվեց մասնակիցներից՝ արդյոք գոհ են միջոցառման պայմաններից. երիտասարդները միաբերան իրենց գոհունակությունը հայտնեցին միջոցառման կազմակերչներից,միակ մտահոգւթյունն այն էր, որ միջոցառման օրերն էին քիչ, ինչին Արթուր Խաչատրյանն այսպես արձագանքեց.«Մնացեք, ինչքան ուզում եք» և հավելեց. «Հաջորդ տարի այդ հարցին ևս կանդրադառնանք»:
Այս տարվա պլեներին, որը նվիրված էր հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին, մասնակցում էին 45 երիտասարդ արվեստագետներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Բելոռուսից:
Անցած չորս օրերին բարեկամական և ստեղծագործական միջավայրում ապրելով կողք կողքի, երիտասարդ նկարիչները և արվեստագետները մասնակցեցին վարպետության դասերի և իրենց նկարներով մեկնաբանեցին Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները:
«Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեները» հնարավորություն է տալիս երիտասարդներին ճանաչելու և արժևորելու հայ մշակույթի գանձերը:
Պլեների օրերին մասնակիցները մեկնեցին էքսկուրսիաների, բացօթյա նկարչությամբ զբաղվեցին Երերույքի տաճարի և Մարմաշենի վանական համալիրի տարածքներում:
Պլեների վերջին օրը՝ օգոստոսի 25-ին, ավանդույթի համաձայն մասնակիցները եղան Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի տուն թանգարանում: