Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զբոսաշրջության խթանումը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում

29.08.2017

Օգոստոսի 29-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց մարզում գործող հյուրանոցների և տուրիստական կազմակերպությունների տնօրենների և վերջիններիս ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հստակեցնել, թե որքան զբոսաշրջիկ է եկել Գյումրի, ինչ ճանապարհով՝ տուրիստական կազմակերպությունների, բարեկամների պատմածների, հայկական սփյուռքի աջակցությամբ և կոնկրետ այցի նպատակը եղել է՝ զբոսաշրջություն, գիտաժողովների, ցուցահանդեսների մասնակցություն: «Նախ ինչ տեղաշարժ ենք նկատում զբոսաշրջության ոլորտում,- հարցրեց Շիրակի մարզպետը,- ենթադրենք 2015-2016 թվականների հետ համեմատած և ինչ պետք է արվի, որպեսզի զբոսաշրջիկների հոսքը քաղաք ու մարզ ավելանա, ինչ պրոբլեմներ ունենք, և ինչ փոփոխությունների կարիք ունենք»:
Պատասխանները, հասկանալի է, տարբեր էին, նայած հյուրանոցային որ կազմակերպությունն ինչ վարկանիշ, աշխատաոճ ու հնարավորություններ ունի, ովքեր են հիմնականում այցելուներն ու որտեղից, այցելությունների նպատակներն էլ գրեթե նույն են բոլորի մոտ. արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին հետաքրքրում են տեսարժան վայրերը, ազգությամբ հայերին ավելի շատ հայրենիքի կարոտն է բերել, կարևորն այն է, որ այս տարի, նախորդ տարիների համեմատ, զբոսաշրջիկների թվի մի փոքր աճ է գրանցվել: Շիրակի մարզպետի այն հարցադրմանը, թե որ տարածաշրջանից են ավելի շատ գալիս, տնօրենները միանշանակ նշեցին՝ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից: Եվրոպայից գալիս են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ, ՌԴ-ից ընտանիքներով գալիս են՝ հայրական տներին հանդիպեն, մի քիչ էլ Հայաստանով մեկ ման գան ու գնան: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լսեց տնօրենների և կազմակերպիչների աշխատաոճերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք նույնպես տարբերվում էին մեկը մյուսից: Մի մասի ներկայացրած փաստարկներն ընդունվեցին, մի մասինը՝ ոչ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ: «Ճիշտ է, մենք անընդհատ նշում ենք այս կամ այն տեսարժան վայրի մեր մարզում առկայությունն ու կարևորությունը, բայց, օրինակ, Հառիճի վանական համալիրը կամ մեկ այլ համալիր, ցավոք, չունի իր տարածքում զբոսաշրջության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը՝ զուգարան: Դուք ասում եք կենտրոնական շատ փողոցներում լուսավորությունը վատ է, կամ արդեն կեսգիշերին մոտ անջատում են: Սրանք կարող է խնդիրներ են այն դեպքում, երբ դուք զբոսաշրջիկին զբաղեցնելու տեղ ունեք: Զբոսաշրջիկին ամբողջ օրը ման եք տալիս տեսարժան վայրերով, գալիս եք հետ, հաց ուտելուց ու հանգստանալուց հետո, դուք չեք կարող լցնել զբոսաշրջիկի երեկոն, ինչն էլ երևի հիմնական պատճառներից մեկն է, որ զբոսաշրջիկները կամ մեկ օրով են գալիս Գյումրի կամ մի քանի ժամով: Հիմնականում պետք է ուշադրություն դարձնել զբոսաշրջիկների զբաղվածության ապահովման հարցին, ինչ ունենք մենք, ինչ կարող ենք տալ զբոսաշրջիկին: Այո, համամիտ եմ, ճանապարհների խնդիրն էլ է առկա. պատկերացրեք՝ Արփի պարկի ճանապարհը լավն է, բայց արդյո՞ք մենք ունենք այդքան զբոսաշրջիկ, որ տանենք Արփի լիճ, բնությունով զմայլվի, ունե՞նք մենք այնքան զբոսաշրջիկ, որ տանենք 4-րդ դարի Երերույքի տաճար կամ ընդհանրապես մենք ունե՞նք նման վիճակագրություն, թե մեր զբոսաշրջիկներից որ տոկոսն ինչ նախասիրություն ունի, որ Հայաստան կամ Գյումրի է գալիս: Մարզում հաշվարկվում է մոտավորապես հյուրանոցային 300 մահճակալ, որի զբաղվածությունը մենք ապահովում ենք միայն չորս հինգ ամիս մինչև 70 տոկոս, շուրջ հիսուն հազար զբոսաշրջիկ, լավ ցուցանիշ է, բայց երբ այն բաշխում ես ամբողջ տարվա կտրվածքով, պարզվում է՝ ցուցանիշը շատ ցածր է, և նույնիսկ ոչ եկամտաբեր է դառնում տվյալ հյուրանոցի աշխատանքների կազմակերպումը»,-ավարտեց մարզպետը: Հանդիպման ավարտին պարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մասնակցիներին և հավաստիացրեց՝ նոր գաղափարներ ու ծրագրեր ունեցող տնօրենների հետ ավելի հաճախակի և պարբերաբար հանդիպելու պատրաստակամությունը:

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:40:16