Նորություններ
Շիրակի մարզպետը սեպտեմբերի մեկին այցելել է Ամասիայի միջնակարգ դպրոց
01.09.2017
Երեխան թող լինի չարաճճի, բայց սովորել սիրի,- Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի մեկին այցելել է Ամասիայի միջնակարգ դպրոց
<Գիտելիքն է մեր երկրի ապագան, հեռավոր համայնքներում էլ մեր գերխնդիրը` ուսյալ աշակերտներ ունենալը>,- Ամասիայի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի մեկի շնորհավորական խոսքը սկսեց Շիրակի մարզպետը: Արթուր Խաչատրյանը նշեց, որ պատահական չէ իր այցելությունը հեռավոր համայնք. <Գիտեմ, որ հուզված եք, սիրելի աշակերտներ, հատկապես առաջին դասարանցիներ. ես 38 տարի առաջ եմ առաջին դասարան գնացել, բայց մինչև օրս հիշում եմ այդ սեպտեմբերի մեկն ու առաջին ուսուցչուհուս, ով, ի դեպ, գյումրեցի էր: Հիմա Գյումրիում` իմ տան դիմաց, մեծ դպրոց կա, բայց ես Ամասիա եկա` կարևորելով սահմանամերձ համայնք գալն ու ձեզ ևս շնորհավորելը: Իմ մաղթանքը ձեզ, սիրելի աշակերտներ, լավ սովորելն է լինելու: Գիտելիքն է այն որոշիչ գործոնը, որ ձեր ապագան կկերտի, ձեր համայնքի ու մեր երկրի ապագան: Ուսուցիչներին կոչ եմ անում ներողամիտ լինել աշակերտների մանկական չարաճճիությունների նկատմամբ, բայց պահանջկոտ` գիտելիքներ տալիս: Երեխաները կռիվ էլ կանեն, աղջիկների մազերն էլ կքաշեն, իրարից կարտագրեն էլ , կարող է մատյանն էլ գողանան, բայց կարևորը երեխաների նկատմամբ ներողամիտ լինելն է, պահանջկոտ եղեք, բայց երեխաների մոտ սովորելու սերը զարգացրեք, եթե մենք սովորելու սերը սպանենք, մենք այդ երեխաներին կկոտրենք ամբողջ կյանքի համար, թող մի քիչ չար լինեն, բայց սովորելը սիրեն: Ավելի լավ է` չար լինեն, քան թե հավսար-զգաստին սովորեն: Երեխաներին սովորեցրեք սիրել գիտելիքը, սիրել սովորելը:Մենք էլ կփորձենք հնարավորինս օժանդակել: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ և մեր այս նավին մաղթում եմ երկար ընթացք. երեխաներին հասցնեք իրենց նավահանգստին >,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Ամասիայի միջնակարգ դպրոցն ունի 184 աշակերտ, 2017 թվականի ուստարին առաջին դասարան են այցելել 23 աշակերտներ:
Նշենք, որ 2017 թվականի ուստարում Շիրակի մարզում նախնական տվյալներով առաջին դասարան են գնացել 3078 աշակերտներ, աշակերտների ընդհանուր թվաքանակը 27135 է: