Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր քարաշեն երկհարկանի դպրոց Կրասար գյուղում

01.09.2017


Սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց Շիրակի մարզի Կրասար գյուղի քարաշեն դպրոցը, որը երկհարկանի կառույց է՝ նախատեսված 110 աշակերտի համար, հագեցած ժամանակակից գույքով ու անհրաժեշտ պարագաներով, գործում են քիմիայի ու ֆիզիկայի կաբինետները, ունի նաև սպորտդահլիճ:
Դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Իտայիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչոլին, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, հյուրեր Իտալիայից, Աշոցք համայքնի ղեկավար Արթուր Ալոյանը, բարերարը՝ Կարեն Կոկչիյանը: Հյուրերին շնորհավորեցին և իրենց շնորհակալական խոսքը հղեցին դեսպանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն, ով միջոցառման մասնակիցներին փոխանցեց ՀՀ Շիրակի մարզպետ պարոն Արթուր Խաչատրյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր.
-Հարգելի պարոն դեսպան
Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ.հարգելի հյուրեր
Սփյուռքի հարգարժան հայրենակիցներ.
Ցավոք սրտի, ՀՀ վարչապետի և կառավարության անդամների մարզ կատարվելիք այցի պատճառով անձամբ չեմ կարող մասնակցել դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Գիտելիքի օրվան ընդառաջ շնորհավորում եմ Ձեզ՝ Կրթության համակարգի աշխատողներիդ և աշակերտներին՝ հատկապես այս ուստարում առաջին դասարան հաճախողներին, ցանկանում որ նոր ուսումնական տարին լինի ստեղծագործ աշխատանքի և հաջողությունների տարի:
Կրթությունն անհատի և պետության շահերից բխող գիտելիքների պաշարի, հմտությունների, բարոյական և մշակութային արժեքների ձեռք բերման գործընթաց է, որի որակը խիստ կարևորում ենք այսօր: Այժմ հետապնդում ենք մեկ նպատակ՝ ուսման որակի բարձրացումով ապահովել գիտելիքներով զինված, ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից շրջանավարտների պատրաստումը:
Այսօր Կրասարը ստանում է մանուկների, պատանիների ու երիտասարդների համակողմանի դաստիարակության օջախ, որի կամարների տակ այսուհետ հնչելու են խինդ ու ծիծաղ, երգ ու երաժշտություն: Վստահ եմ, որ այս օջախը դառնալու է մի վայր, ուր երեխայի մեջ ձևավորվելու է մտածելու, ստեղծելու, արարելու ոգի: Միակ ցանկությունս է, որ այս հոյակերտ շինությունը միշտ լիքը լինի շնորհալի մանուկներով, նրանց ոգևորությունն ու ուրախությունը փոխանցվի իրենց ընտանիքներին, մերձավորներին, դասընկերներին:
Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ գոհունակություն հայտնելը քիչ է, մի բան է կառուցելը, այլ բան ստեղծվածը հմտորեն կառավարելը, պահպանելը ու զարգացնելը, ուստի բոլորիս կոչ եմ անում կրկնապատկել մեր ուժերը՝ մեկնարկած կրթական ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
Իտալական OFMA կազմակերպությունը դեռևս 1989 թվականին իր բարեգործության շրջանակներում Աշոցքի շրջանի 6 համայնքներում կառուցել և նվիրել է հոյակերտ դպրոցական շենքեր:
Խորին երախտագիտությունս Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, բարերարներին՝ մասնավորապես պարոն Գարեն Կոկչիյանին, որի ջանքերի շնորհիվ հանգանակվել է 43 մլն.դրամ շինարարության, ինչպես նաև լրացուցիչ 7մլն.դրամ բարեկարգման համար, շինարարաներին՝ «Ախուրյանի ԿՈՈՊՇԻՆ» ընկերությանը, բոլոր այն անձանց, ով իր ներդրումն ունի այս Աստվածահաճո գործում՝ հիանալի գիտելիքի տունը Կրասարի հայորդիներին նվիրելու համար>:
Շնորհավորանքներից հետո դպրոցի ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ-ում Իտայիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչոլին և բարերարին՝ Կարեն Կոկչիյանին:
Նշենք, որ Կրասարի դպրոցում այժմ սովորում են 80 աշակերտներ, 2017թվականին դպրոց է հաճախել 6 առաջին դասարանցի:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04