Նորություններ
Նշվեց Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20 ամյակը
20.10.2017
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին և անցած երկու տասնամյակների ընթացքում կենտրոնի կողմից իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր ու հետազոտություններ` մարզի տարածքում նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություններ, 10 հնագիտական հուշարձանների, Շիրակ պատմական գավառի հնագույն պատմության մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրություններ և այլն:
Շնորհավորելով կենտրոնի աշխատակիցներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Շիրակի մարզը միշտ եղել է մեր պետության գիտական կենտրոններից մեկը, դեռ առաջին հանրապետության տարիներին, երբ բազմաթիվ օրհասական խնդիրներ կային, թշնամիներով էինք շրջապատված, անգամ այդ ժամանակ Շիրակի բարձրավանդակում վառվեց գիտության ջահը` հիմնադրվեց առաջին համալսարանը: Իսկ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը գիտական հաջողությունների ու նվաճումների լավագույն ժառանգորդներից է: Շնորհավորում եմ բոլորին ու հաջողություններ ու նոր նվաճումներ եմ մաղթում»:
Հայագիտության բնագավառում ունեցած հաջողությունների, մարզի մշակութային կյանքի զարգացմանը նպաստող գործունեության համար և Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Շիրակի մարզպետի կողմից մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով: