Նորություններ
Առափիում շահագործման հանձնվեց ջրահեռացման համակարգը
22.10.2017
Հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզի Առափի համայնքում շահագործման հանձնվեց, Ճապոնիայի կառավարության շուրջ 45 մլն դրամ աջակցությամբ կառուցված ջրահեռացման համակարգը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Նշենք, որ Առափիում սողանքային հատվածների ուսումնասիրության և հորատման աշխատանքները մեկնարկել էին 2013 թվականին` հաշվի առնելով սողանքային հատվածի տեղաշարժման վտանգը: Համայնքի 11 ընտանիքների տրամադրվել են բնակարանների գնման վկայագրեր, վերջիններիս բնակարանները սողանքի հետևանքով դարձել էին 4-րդ աստիճանի վթարային և բնակության համար ոչ պիտանի: 2016 թվականին համայնքի ավագանու որոշեց դիմել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը, ներկայացնելով ուսումնասիրությունների և հորատման աշխատանքների ամբողջական փաթեթը: 2017 թվականի մարտին Ճապոնիայի կառավարությունը հաստատեց ջրահեռացման համակարգի կառուցման ծրագիրը: Անցած յոթ ամիսներին ,,Գուգո Շինարար,, ՍՊԸ համայնքում ջրահեռացման երեք համակարգ է կառուցել: Բնակիչներն իրենց շնորհակալական խոսքում նշում էին, որ զգալի փոփոխություն է նկատվել ջրահեռացման համակարգերի կառուցումից հետո, տներում խոնավությունը նվազել է:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը խոսքում շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և հույս հատնեց, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ճապոնական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, իսկ այս տարի էլ նշվեց Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: