Նորություններ
Շիրակի երկրագիտական թանգարանն ունի նոր տնօրեն
26.10.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 26-ին Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Արտաշես Բոյաջյանին: Մինչ տնօրենին աշխատանքային հաջողությունների մաղթումը, Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի երկարամյա, բազմավաստակ տնօրեն Համազասպ Խաչատրյանին. « Ես իմ ու Շիրակի մարզպետարանի անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ գիտական հիանալի գործունեության, նյութական ու հոգևոր մշակութային արժեքների հայտնաբերման ու պահպանման գործում մեծ ավանդի համար, վստահ եմ կշարունակեք գիտական աշխատանք իրականացնել »:
Շիրակի մարզպետը Համազասպ Խաչատրյանին շնորհակալագիր հանձնեց` երկարամյա անբասիր աշխատանքի, մշակութային արժեքների հայտնաբերման, գիտական մշակման ու պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Հանդիպման ավարտին Համազասպ Խաչատրյանը մարզպետին հուշանվեր հանձնեց:
Ի դեպ նշենք, որ Շիրակի երկրագիտական թանգարանն այն կառույցն է, որտեղ ամփոփված են Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող շուրջ 30.000 ցուցանմուշներ, այդ թվում` մինչև 5000 տարվա վաղեմության խեցեգործական եզակի նմուշներ, գորգեր, դրամներ,կարպետներ ու զարդեր: Աշխատակիցներին մտահոգող միակ խնդիրը շենքային ոչ բավարար պայմաններն են: