Նորություններ
Շրջայց Գյումրիի պատմական կենտրոնում
17.11.2017
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Կումայրի պատմական կենտրոնում: Գյումրու քաղաքապետարանում էլ վարչապետի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Մասնավորապես, վարչապետին զեկուցվեց պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարեց մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման, ինչպես նաև Կումայրի պատմական կենտրոնի գոտիավորման աշխատանքներին:
Կարեն Կարապետյանին պատասխանատուները զեկուցեցին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով Գյումրիի մյուս փողոցների վերականգման աշխատանքների մասին, նշվեց, որ դրանք կմեկնարկեն առաջիկա գարնանից:
Անդրադարձ եղավ քաղաքի կանաչապատման աշխատանքներին ևս: