Նորություններ
Տեղի ունեցան Մարմաշեն, Ախուրյան, Անի խոշորացված համայնքներիի ավագանիների առաջին նիստերը
20.11.2017
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Մարմաշեն, Ախուրյան, Անի խոշորացված համայնքներիի ավագանիների առաջին նիստերը: Ավագանիների անդրանիկ նիստերին մասնակցեցին նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչութան պատասխանատուները:
Ավագանու անդամները նիստերի մեկնարկից առաջ երդվեցին իրենց գործունեության ընթացքում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, անշեղորեն կատարել իրենց պարտականությունները և գործել ի նպաստ համայնքի զարգացման և բարօրության: Ներկաներին ողջունեց և համյնքների նորընտիր ղեկավարներին ու ավագանու անդամներին շնորհավորեց Շիրակի մարզպետը. «Շնորհավորում եմ ձեզ ու մաղթում եմ արգասաբեր աշխատանք, Շիրակի մարզպետարանը պատրաստ է ձեզ հետ համագործակցության, որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին մենք պատրաստ ենք աջակցել և սատարել ձեզ: Դուք պետք է աչալուրջ ու հոգատար աշխատեք, քանի որ համյանքների բնակիչները իրենց ձայնը ձեզ են վստահել»:
Շիրակի մարզպետը կոչ արեց համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամներին հատկապես ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի համայնքների զարգացման տեսլականն հենց այս ծրագրերում է արտացոլվում. «Զարգացման ծրագիրը այն փաստաթուղթն է, որտեղ պետք է լինի ձեր համայնքների զարգացման հեռանկարը, այն պետք է իրատեսական ու իրականանալի լինի: Համայնքի բյուջեում պետք է արտացոլվեն այս ծրագրերի իրականացման հետ կապված ձեռնարկները»:
Մարզպետն հորդորեց նորընտիր ղեկավարներին ուշադրություն դարձնել սեփական եկամուտների կատարողականի բարձրացմանն, ինչպես նաև աղբահանության խնդրի կարգավորմանը:
Խոշորացված համայնքների ղեկավարներն էլ իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին գործել ի շահ համայնքների կայացման և զարգացման: