Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

28.12.2017

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես եկան ոլորտային պատասխանատուները:
Ամփոփելով տարին ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 27-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 93.4%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների կատարողականը ավել է 18.9%-ով:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը նշեց. «Դրական միտումներն առկա են, ինչն, իհարկե, ոգևորիչ է, բայց սա բավարար համարել չի կարելի, քանի որ մենք դեռ անելիքներ ունենք: Կան օբյեկտիվ դժվարություններ, բայց թերացումները օբյեկտիվ խնդիրներով միայն պայմանավորելը սխալ կլինի»:
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն էլ անդրադարձավ մարզում համայնքների խոշորացմանը նշելով, որ 2017 թվականի ընթացքում ամենօրյա աշխատանք է տարվել նրանց հետ, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ ներկայումս այդ համայնքներում գործառույթներն ընթանում են բնականոն հունով:
Խոսելով 2017-ին կայացած ընտրությունների մասին Շիրակի մարզպետը կարևորեց այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցել են առանց ցնցումների:
Գյուղատնտեսության բնագավառում 2017 թվականին իրականացված աշխատանքներին անդրադառնալով գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ընդգծեց, որ հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 10139 հա-ով: Մարզում ընդհանուր ցանքը 2017թ. կազմել է 60626 հա, նախորդ տարվա 70765 հա-ի դիմաց: Փոխարենը առաջընթաց է գրանցվել նոր մշակաբույսերի մշակության արմատավորման գործում՝ հնդկացորեն 227.2 հա, կտավատ 162 հա, ոլոռ 29 հա, սիսեռ 10 հա, ոսպ 45 հա, չաման 35 հա, որոնց տնտեսական արդյունավետությունը մոտ 2-3 անգամ գերազանցում է հացահատիկային մշակաբույսերին:
Շիրակի մարզպետի հորդորը համայնքապետերին գյուղբնագավառի նոր ծրագրերին ակտիվ մասնակցելն էր. «Պետք է օգտագործել այս պահը և պետության կողմից առաջարկվող սուբսիդավորված վարկերից ու ծրագրերից օգտվել, եթե օգնության կարիք կունենաք, ապա Շիրակի մարզպետարանը միշտ պատրաստ է աջակցել բոլորիդ»:
Կրթական հիմնախնդիրների ու արված աշխատանքների մասին խոսելով կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը նշեց, որ մարզում «Ներառական կրթության» ծրագիր է իրականացվում 28 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որում ընդգրկված են 1410 աշակերտներ: Վարչության պետը կարևորեց մարզպետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի միչև համագործակցության հուշագրի կնքումը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների անցկացումը: Մարզպետը կրթության բնագավառում գլխավոր անելիքներից համարեց որակյալ մասնագետների առկայությունը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում: Որակյալ մասնագետների խնդրին անդրադարձավ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին` բնագավառի 2017 թվականի հաշվետվության ընթացքում: Ըստ մարզպետ Խաչատրյանի կարևորն այն է, որ մարզի ազգաբնակչությունը սպասարկվի ժամանակակից պահանջներին համապատասխան և դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը նվազի:
2017 թվականի ընթացքում մարզի թվով 32 համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում օտարվել է ընդամենը 77.48 հա համայնքային սեփականություն հանդիսացող հող, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 61.71 հեկտարով,- այս մասին խոսեց հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Զորիկ Խաչատրյանը:
Մարզխորհրդի ավարտին Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և 2018 թվականին մաղթեց ձեռքբերումներ ու հաջողություններ ձեռնարկներում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23