Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոցքում անցկացված դահուկավազքի փառատոնին Շիրակի մարզպետարանը մասնակցեց ողջ աշխատակազմով

04.02.2018

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, փետրվարի 3-4-ը, Աշոցքի դահուկավազքի կենտրոնում, տեղի ունեցավ երկօրյա փառատոն:
Փառատոնը Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ՝ EUSportFest-ի շրջանակներում։ Բոլոր ցանկացողներին փառատոնի շրջանակներում սպասվում էին ակտիվ հանգստյան օրեր՝ դահուկային սպորտով հագեցած, այդ թվում՝ պրոֆեսիոնալ մարզիչների կողմից տրամադրվող դահուկավազքի վարպետության դասեր, ձմեռային խաղեր: Փառատոնի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 4-ին։ Անցկացվեց մանկական մրցաշար, տղամարդկանց 5 կմ և կանանց 2,5 կմ դահուկային մրցավազք՝ դասական ոճով: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես Շիրակի ու Լոռու բնակիչներն, այնպես էլ տարբեր երկրների ներկայացուցիչները:
Փառատոնին ներկա էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Վաչե Տերտերյանը: Միջոցառմանը տարբեր կառույցների ու համայնքների ներկայացուցիչներ էին մասնակցում, իսկ Շիրակի մարզպետարանը ողջ աշխատակազմով էր այնտեղ: ԵՄ պատվիրակության ղեկավարը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն և Շիրակի մարզպետը նախապես հանդես եկան համատեղ ճեպազրույցով, որի ժամանակ նշվեց, որ Եվրամիության շնորհիվ Աշոցքը կվերածվի դահուկավազքի կենտրոնի:
«Եվրոպական միությունն այս ծրագրի մեջ ներգրավված է երկու պատճառով. առաջին պատճառն այն է, որ Հայաստանում մենք ցանկանում ենք խրախուսել առողջ ապրելակերպը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ միասին և հուսով ենք, որ դահուկավազքը, որը գեղեցիկ մարզաձև է, ընտանիքների կարևոր ու անբաժանելի մասը կդառնա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք օժանդակել այս տարածաշրջանի զարգացմանը, հատկապես՝ Աշոցքի, Ամասիայի ու Արփիի»,-իր խոսքում նշեց Պյոտր Սվիտալսկին:
«Շնորհակալություն ենք հայտում Եվրամիությանը՝ Շիրակն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար: 2018 թվականին Եվրամիության ծրագրերը կնպաստեն մարզի զարգացմանը, այսինքն Շիրակը դադարում է ընկալվել, որպես մի մարզ, որն օգնության կարիք ունի, այլ դիտվում է որպես մարզ, որն ունի զարգացման մեծ պոտենցիալ։ Ես լիահույս եմ, որ այս միջոցառումը ավանդական բնույթ կկրի, իսկ Շիրակի մարզպետարանի ողջ աշխատակազմի մասնակցությունը միջոցառմանը օրինակելի քայլ կլինի մնացածների համար »,-նշեց Շիրակի մարզպետը:
Այն, որ միջոցառումը ստացվեց ու իր չափանիշներով համապատասխանում էր միջազգայինին, վստահեցրեց Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:
Նշենք, որ մրցումներում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացան գավաթների ու պատվոգրերի: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:26:08