Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանը մշակել է մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգ

14.02.2018

Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրի քաղաքը, միշտ էլ աչքի են ընկել իրենց յուրահատուկ կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, հայտնի մարդկանցով, գեղեցիկ ու մաքուր բնությամբ, յուրահատուկ խոհանոցով: Մարզի հնարավորությունները և հեռանկարները զբոսաշրջության զարգացման համար ահռելի են: Այս ամենն հաշվի առնելով Շիրակի մարզպետարանի մասնագետների համատեղ ջանքերով մշակվել է մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքներն իրականացվել են հաշվի առնելով Շիրակի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, մարզի 2018-2025թթ. զարգացման ռազմավարության մեջ սահմանված առաջնահերթություններն ու զբոսաշրջության զարգացման տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրները, հայեցակարգը ներկայացվել է հանրային քննարկման: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին տուրիստական գործակալությունների, հյուրատների ու հյուրանոցների, մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
«Մեզ համար զբոսաշրջությունն առաջնային է համարվում: Հայեցակարգի մշակումը կարևորելով հանդերձ, ինձ համար չափազանց կարևոր է նաև այն ձեզ հետ քննարկելն ու վերջնական տեսքի բերելը: Այստեղ գրված ոչինչ վերջնական համարել չի կարելի, մենք պատրաստ ենք լսել ու հայեցակարգում ներառել բոլոր գործնական ու օգտակար առաջարկները»,- հանդիպման սկզբում նշեց Շիրակի մարզպետը: Հանդիպման մասնակիցները գոհունակություն հայտնեցին մարզպետարանի այս նախաձեռնության համար, նշելով, որ հայեցակարգի մշակումն իրապես անհրաժեշտ քայլ է: Քննարկվեցին հայեցակարգում ներկայացված կետերը` քաղաքային տուրիզմ, գաստրոտուրիզմ, պատմաճարտարապետական, ակտիվ տուրիզմ, ագրոտուրիզմ և այլն: Անդրադարձ եղավ տուրիստական ուղղությունների, ֆինանսական լուծումների, գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցերի: Մասնակիցները կարևորեցին ինչպես զբոսաշրջության արժեշղթայի ստեղծման հետ կապված խնդիրների կարգավորումը, այնպես էլ զբոսաշրջիկներին սպասարկող կառույցների կարողությունների զարգացումը:
Նշենք, որ հայեցակարգի նպատակն է համակարգված ձևով ներկայացնել մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, մարզի առավելություններն ու ներուժը, բացահայտել և նկարագրել այն զբոսաշրջային ուղղությունները, որոնք կարող են շոգեքարշի դեր կատարել ոլորտի զարգացման համար: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 14:09:01