Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մարտի 3-ին Գյումրիում էր

03.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մարտի 3-ին Գյումրիում էր: Կառավարության ղեկավարը Երևանից Գյումրի էր ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
ՀՀ վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են Շիրակի մարզում 2017 թվականին իրականացված զարգացման ծրագրերն ու ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները։
Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին ներդրումային ծրագրերի ծավալը կհասցվի 36 մլրդ դրամի: Մարզպետը վստահեցրել է, որ նշված ծրագրերի զգալի մասն իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից: Արդյունքում, ակնկալվում է, որ մեկ շնչին ընկնող ներդրումների ծավալը նախորդ տարվա 92 հազար դրամից կհասնի 152 հազարի: Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ մարզում աշխատատեղերի թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 23 517. նախատեսվում է 2018-ին այդ թիվը հասցնել 27000: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ զգալի աշխատատեղեր կստեղծվեն թեթև արդյունաբերության, ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Զեկուցվել է, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա ընթացքում կատարվել է 97 տոկոսով. 2016-ի համեմատ համայնքների սեփական եկամուտներն աճել են 17 տոկոսով: Սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով մարզում 2016-ին կազմել են 8100 դրամ, 2017-ին՝ 9400, իսկ այս տարի նախատեսվում է այն հասցնել 10800 դրամի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է սեփական եկամուտների ավելացմանն ուղղված քայլերը և հորդորել համեմատականներ անցկացնել մյուս մարզերի հետ, միաժամանակ հստակեցնել վիճակագրական տվյալները: «Մենք ներդնում ենք վարչական ռեգիստրի ինստիտուտ, մարզպետարաններում գործելու են կոնկրետ խմբեր, որոնք զբաղվելու են վիճակագրությամբ, համայնքների ղեկավարներին առաջարկելու ենք, որպեսզի համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնեն գործընկերներին: Մի քանի ատյաններ համատեղ պետք է աշխատեն: 2-3 տարվա աշխատանք է պետք, որպեսզի մենք ասենք, որ ստորակետից հետո երրորդ թվի ճշտությամբ տվյալներն ունենք, բայց պետք է համայնքների ղեկավարների հետ սերտ աշխատել և տեղեկատվություններ տրամադրել: Այնքան ինդիկատորային թվեր կան, որոնք հուշելու են, որ կան սխալներ: Մենք ասել ենք՝ այն համայնքը, որը շատ աճ է ունենալու՝ այդ համայնքին ենք ֆինանսավորելու, որպեսզի նրանք մոտիվացված լինեն»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է վերանայել Շիրակի մարզի սեփական եկամուտների բյուջեները և ընդգծել. «Միայն այդպես մենք առաջ կգնանք: Մեր համայնքների ղեկավարները համարում են, որ սեփական եկամուտների պլան դնելը բեռ է քաղաքացիների համար, իսկ սուբսիդիան որ ուզում եք՝ մենք ինչպես ենք վճարում: Ով շատ եկամուտ հավաքի՝ իրեն ավելի շատ ենք օգնելու»:
Մարզպետը զեկուցել է, որ համայնքների բյուջեները պլանավորել են և ընթացիկ տարում նախատեսում են 13 տոկոսի աճ, որն ընդհանուր առմամբ կազմում է 303 մլն դրամ:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել 257 աղբավայր: Մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Շվեդիայից սպասում են ներդրողների, որոնց հետ քննարկելու են աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր: Աղբահանություն կատարելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ նախորդ տարվա ընթացքում կնքվել է 1972 պայմանագիր: Միաժամանակ, նշվել է, որ մարզում միայն իրավաբանական անձանց թիվը հասնում է 3000-ի, և վարչապետը խնդիր է դրել 2018-ի ընթացքում բոլոր իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր: «Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Մենք նրանից ավելի գումար չենք ցանկանում վերցնել, պարզապես ինքը պետք է վճարի աղբահանության համար»,- ասել է վարչապետը:
Զեկուցվել է նաև, որ աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ, իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:
Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց 2016-ին գանձվել է 618 մլն դրամ, նախորդ տարվա ընթացքում՝ 631 մլն: Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է 2018-ին առողջապահական մուտքերի աճն ավելացնել շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով այն 844 մլն դրամի: Խոսելով բժշկական կենտրոնների կուտակած պարտքերի մասին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է յուրաքանչյուրի հետ կապված ներկայացնել համապատասխան վերլուծություն: «Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում, հաստատուն ծախսերը կկրճատվեն, ծառայությունների հասցեականությունը կբարձրանա», - նշել է վարչապետը՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետին հանձնարարելով ներկայացնել նաև իր առաջարկությունները:
Զեկուցվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով և կարկտահարությամբ: Մասնավորապես, 2016-ին արտադրվել է 157 հազար տոննա հացահատիկ, իսկ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ընդամենը 70 հազար: Միաժամանակ, զեկուցվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է: Նախատեսվում է նաև ակտիվ աշխատանքներ տանել պետական սուբսիդավորմամբ ծրագրերը խթանելու ուղղությամբ: Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի: Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի: «Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ պահանջելով ընդլայնել նշված ծրագրերից օգտվողների շրջանակը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59