Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
27.03.2018

Հարգելի՛ թատերական գործիչներ և թատերարվեստի երկրպագուներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին այն ամենահին թատրոնների շարքին է դասվում: Դարերի ընթացքում հայկական թատրոնն իր առանձնահատուկ տեղն է գրավել հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և հասարակական կյանքում:
Լինելով հանրապետության հնագույն թատերական օջախներից մեկը` Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մեծ ներդրում է ունեցել ինչպես հայ թատրոնի բազմադարյա պատմության մեջ, այնպես էլ հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում: Աճեմյանականները մեր մշակույթի գանձարանն հարստացրել են գեղարվեստական մնայուն արժեքներով, դաստիարակել արվեստասերների բազում սերունդներ: Պահպանելով թատրոնի լավագույն ավանդույթները` առաքելությունը մանուկ հանդիսատեսի հանդեպ պատվով է կատարում նաև Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ստեղծագործական խումբը` նրանց hոգում սերմանելով բարին ու գեղեցիկը:
Թատրոնի՛ նվիրյալներ, շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ստեղծագործական բազում հաջողություններ, բարձրարվեստ ներկայացումներ և թատերասեր հասարակությամբ լեցուն դահլիճներ:
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ