Նորություններ
Քննարկում՝ 2018 թվականի առաջին եռամսյակում երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ
11.04.2018
Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի գլխավորությամբ ապրիլի 11-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ 2018 թվականի առաջին եռամսյակում երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել էր աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, որին մասնակցում էին երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տնօրենները, ինչպես նաև Ամասիա, Սարապատ, Ախուրյան, Մարմաշեն համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահները:
Ներկայացվեց ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կատարած աշխատանքները, մասնակիցները հանդես եկան զեկույցներով: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին հանձնարարվեց, ըստ բնակավայրերի, ստեղծել խոցելի խմբերի ընտանիքների տվյալների շտեմարան` կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու և աջակցությունները նպատակային ուղղորդելու նպատակով:
Նշենք, որ աշխատանքներում պատասխանատուները հիմնական շեշտը դնում են հաստատությունների բեռնաթափման և վերակազմակերպման աշխատանքները գրագետ իրականացնելու վրա՝ առաջնային համարելով երեխայի շահը: Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, դրանք անցկացվելու են և մարզպետարանում, և համայնքներում: