Նորություններ
Խորհրդակցություն Արթիկի և Անիի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ
19.04.2018
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ապրիլի 19-ին խորհրդակցություն է անցկացրել Արթիկի և Անիի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ: Արթուր Խաչատրյանն անդրադարձել է դպրոցներում կրթության որակի բարձրացման խնդրին: «Կրթության որակի բարձրացմանը հետայսու շատ ավելի լուրջ ենք անդրադառնալու, պետք է հստակ հասկանանք` ինչպես կարող է մի դպրոցում բարձր առաջադիմություն լինել, մյուսում` ոչ, արդյոք սա իսկապես խոսում է աշակերտների բարձր առաջադիմության մասին, թե կան դպրոցներ, որտեղ ուսուցիչները չակերտավոր բարի են ու գնահատականներ են շռայլում»,- նշել է մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում ուսումնական հաստատությունների գնահատման աշխատանքների կազմակեպման հարցից զատ անդրադարձ է եղել նաև 2017-2018 ուսումնական տարվա ավարտական և փոխադրական քննությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը կարևորել է դպրոցներում աշխատանքների կազմակերպվածությունը. «Մենք պետք է բացառենք մատների արանքով աշխատանքին նայելը, ձեր աշխատանքում մենք պետք է զգանք լուրջ պատասխանատվություն, այդ ամենը սկսվում է առօրյա աշխատանքով, ավարտվում ուսումնական գործընթացի նորմալ կազմակերպմամբ»:
Մարզպետը հորդորել է դպրոցների տնօրեններին առանձնահատուկ ուշադրություն դարձնել առանձին առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համալրման խնդրին` նշելով, որ դրանց համալրման հապաղումը խոսում է տնօրենների կառավարման արդյունավետության մասին: Կարևորվել է նաև Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը: