Նորություններ
Այսօր հաղթանակի և խաղաղության օրն է. Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել.
09.05.2018
Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը մայիսի 9-ին բազմամարդ ու տոնական էր։ Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Անմար կրակի մոտ:
Միջոցառմանը ներկա էին նաև պատերազմի վետերանները, չնայած նրանց շարքերը տարեցտարի նոսրանում է: Տոնի առթիվ ընթերցվեց Շիրակի մարզպետի պարտականութկունները կատարող Սեյրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձը։ Վետերաններին շնորհավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Շնորհավորանքից հետո ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորումների և ուժերի շտաբի պետի` Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը, ցուցադրվեց զինտեխնիկա։ Մինչև տոնական միջոցառման սկիզբը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին: