Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը ներկայացվեց աշխատակազմին

04.06.2018

Հունիսի 4-ին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին: Հանդիպման մեկնարկին Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մի շարք խնդիրների` կարևորելով ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ առումով գործնական քայլերի իրականացումը. «Մեր կառավարությունը պատրաստ է համառորեն լծվել ժողովրդավարության հաստատման կարևոր գործին, այստեղ պետք է բոլորիդ աջակցությունը և պետական պաշտոնյաներինը, և տեղական ինքնակառավարման մարմիններինը, ովքեր պետք է դառնան ժողովրդավարության ակունքները տեղերում: ՀՀ-ում այլևս գերակա է օրենքը, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի իրեն լիազորել այլ իրավասություններ, քան նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ: Այս առումով ամենակարևորը աշխատանքում թափանցիկությունն է, եթե գործունեության ընթացքում կլինենք թափանցիկ, ապա բնակիչները չեն դժգոհի, թե չէ անտեղյակությունն ու տեղեկատվության բացակայությունը բերում է իրավացի դժգոհության: Այս ճանապարհին մեր անելիքները շատ են»:
Նախարարը կարևորեց տարածքային կառավարման մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը, ըստ Սուրեն Պապիկյանը այդ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կառուցել օրենքի երկիր, երբ ասելիքը թղթի վրա չի մնում.«Շիրակի մարզպետարանը Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ կլինի այն կապող օղակը, որը կնպաստի նոր ծրագրերի կյանքի կոչելուն: Մենք պետք է կարողանանք նպաստել մեր երկրի համաչափ զարգացմանը, մայրաքաղաքից դուրս Հայաստանի զարգացումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարը անդրադարձավ բիզնես ծրագրերի կարևորությանը` նշելով, որ ամեն ինչ արվելու է, որ մարզերից ներդրումային ծրագրեր ներկայացվեն կառավարություն, որոնք կնպաստեն հենց մարզերի զարգացմանը:
«Ուզում եմ շնորհավորել պարոն Սարուխանյանին` մաղթելով նրան բեղուն աշխատանք, Շիրակի մարզպետարանի աշխատակազմին էլ արգասաբեր գործունեություն»,- ասաց նախարարը:
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ ծառայելու է իր մարզին ու մարզի ազգաբնակչությանը. «Որպես շիրակցի, որպես գյումրեցի վստահեցնում եմ, որ իմ ուժերը ներդնելու եմ մեր մարզի զարգացմանը, ծառայելու եմ Հայաստանի Հանրապետության Շիրակ աշխարհի հպարտ քաղաքացիներին»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23