Նորություններ
Մշակույթի նախարարն այցելել է Գյումրի
16.06.2018
Այսօր ճանաչողական այցով Գյումրի է այցելել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Մինչ Գյումրիում շրջայց կատարելը, մշակույթի նախարարը հանդիպել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին : Մարզպետը ողջունելով նախարարին և նախարարի տեղակալներին նշել է. «Հարգելի տիկին Մակունց ուրախ եմ Ձեզ ողջունելու Շիրակի մարզում, ուրախ եմ նաև, որ դուք կարևորում եք մեր մարզի մշակույթի բնագավառի հիմնախնդիրների լուծումը: Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին միշտ համարվել է մշակութային մարզ` հարուստ մշակութային ժառանգությամբ ու նախաձեռնություններով: Վստահ եմ` մենք կհամագործակցենք ու կկարողանանք ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ այս ոլորտում առկա հիմնահարցերը կարգավորվեն»:
Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ մշակույթի բնագավառի խնդիրները կլինեն իրենց ուշադրության ներքո: Նախարարը տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությունը նախատեսում է ստեղծել մշակութային շարժական հարթակ, որը նաև գրադարան կներառի։ Գրադարանում կլինեն նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Մարզպետն առաջարկեց գրադարանում ներառել նաև շիրակցի գրողների ստեղծագործությունները։
Կարեն Սարուխանյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց 19-րդ դարի կառույց հանդիսացող Սպիտակ հիվանդանոցի շենք, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Գյումրու կենտրոն, այնուհետև Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենք, ծանոթացավ շենքի պայմաններին:
Օրեր առաջ Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն նախարարին էր դիմել նախկին հիվանդանոցի շենքը Գյումրու երկրագիտական թանգարանին հանձնելու առաջակով։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը վստահեցրեց, որ այս հարցը մշակույթի նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում է։