Նորություններ
Մարզպետի տեղակալի հանդիպումը դպրոցների տնօրենների հետ
22.06.2018
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն այսօր ճանաչողական, աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման մեկնարկին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը շնորհավորել է մարզպետի նորանշանակ տեղակալին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Ողջունելով ներկաներին մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը վստահեցրել է, որ կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ աշխատելու են գործընկերային մթնոլորտում, այս ոլորտի հիմնախնդիրները լինելու են մարզպետի տեղակալի անմիջական ուշադրության կենտրոնում: «Կրթությունն այն բնագավառն է, որն հոգատար ու աչալուրջ վերաբերմունքի կարիք ունի: Դուք որպես տնօրեններ, պետք է իմանաք, որ սերունդներ դաստիարակող եք, եթե եղել են տարբեր բացթողումներ, ապա մենք պետք է դրանք շտկենք շատ արագ: Եթե դժվարությունների առջև կկանգնեք` իմ դռները բաց են բոլորիդ առջև, ես աշխատելու եմ բաց, ձեր հոգսերը կիսելու պատրաստ եմ միշտ, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, բայց մեկ անգամ, չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր ղեկավարից է կախված կառույցի առողջությունը»:
Մարզպետի տեղակալը կոչ է արել համատեղ աշխատանքի լծվել ու չանտեսել ոչ մի խնդիր: