Նորություններ
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
06.07.2018
Շիրակի մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանն ու Արա Մելիքջանյանը հուլիսի 6-ին հանդիպել են մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարևորելով հասարակական սեկտորի դերը ժողովրդավարության զարգացման գործում` մարզպետի տեղակալները ողջունել են ներկաներին ու նշել, որ պատրաստ են նրանց հետ համագործակցության:
«Ես վստահ եմ, որ մենք առավել արդյունավետ կաշխատենք, եթե համագործակցենք, համագործակցությունը երկու կողմերիս էլ կուժեղացնի ու կօգնի: Պատրաստ եմ լսելու բոլորիդ և աջակցելու, ձեր գնահատականներն ու կարծիքները մեզ համար չափազանց կարևոր են »,- նշել է Սոֆիա Հովսեփյանը:
Ես ինքս հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եմ և շատ լավ պատկերացնում եմ այս բնագավառի ներկայացուցիչների աշխատանքը, գիտեմ նաև, որ առանց քաղաքացիական հասարակության հնարավոր չէ շոշափելի ձեռքբերումներ արձանագրել, ուրախ կլինեմ, եթե մենք համագործակցենք ու համատեղ աշխատենք»,- ասել է Արա Մելիքջանյանը:
Շիրակի մարզպետի տեղակալները հանդիպման ընթացքում ծանոթացել են ներկա ՀԿ-ների ներկայացուցիչներին, նրանց կատարած աշխատանքներին, լսել են նրանց մտահոգությունները: Ծավալվել է կառուցողական քննարկում տարբեր հարցերի շուրջ: