Նորություններ
Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 43 շրջանավարտների հանձնվեցին դիպլոմներ
24.07.2018
Հուլիսի 24-ին Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 7 բաժնի 43 շրջանավարտների հանձնվել են դիպլոմներ: Վերջիններս ներկայացրել են իրենց դիպլոմային աշխատանքները: Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատելու հագուստի մոդելավորողների ու գեղանկարիչների գործերը: Ցուցահանդեսին ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանն ու Արա Մելիքջանյանը, արվեստագետներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը նշել է. «Շնորհավորում եմ սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ հաջողություններ կյանքի հետագա ձեռնարկներում: Հավատացած եմ երիտասարդական ձեր ավյունը ի նպաստ կդնեք մեր երկրի շենացմանը»:
Մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին. «Վստահ եմ, որ այն գիտելիքները, որոնք ստացել եք այս հարկի տակ, ձեզ կօգնեն, որպեսզի հասարակության մեջ կայանաք եւ ձեր ուրույն տեղն ու դերն ունենաք, որովհետև ակադեմիական կրթությունը հիմնաքարային է: Ձեր կարևորագույն անելիքներն ու ձեռնարկները թող լինեն հայանպաստ` մեր քաղաքին, մարզին ու երկրին ճանաչում և հռչակ բերեն»: