Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Անի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

25.07.2018

Հուլիսի 25-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու մարզպետարանի պատասխանատուները այցելեցին Անի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր: Մարզային իշխանության ներկայացուցիչների առաջին կանգառը Գուսանագյուղում էր: Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, ներկայացնելով բնակավայրի հիմնահարցերը, կարևորեց մշակույթի տան հիմնանորոգումը։ Դեռ 2017 թվականին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում այդ նպատակին հատկացվել է 5 մլն դրամ և նորոգվել կառույցի մի հատվածը միայն, որը, սակայն, համայնքը չի օգտագործել, ինչն էլ պատճառ է դարձել կատարված աշխատանքների քայքայմանը։ Իսկ մշակույթի տան մյուս հատվածը, որտեղ տեղակայված են գրադարանն ու նիստերի դահլիճը առավել վատթար վիճակում է։ Մարզպետ Կարեն Սարուխանյանը շրջեց կառույցում, հորդորեց համայնքի ղեկավարին և վարչական պատասխանատուին մինչ մշակույթի տան հիմնանորոգումը, գոնե հոգատար վերաբերմունք ցուցաբերել և ոչնչացման դատապարտված գրադարանը տեղափոխել արդեն վերանորոգված հատված։ Գուսանագյուղի 1895-ական թվականներին կառուցված «Սուրբ Խաչ» եկեղեցին անմխիթար վիճակում է, գմբեթն ամբողջապես քանդված է, եկեղեցին բաց երկնքի տակ։ Համայնքի վարչական ներկայացուցիչը մարզային իշխանություններին ուրախությամբ տեղեկացրեց, որ համագյուղացի բարերարներից մեկի հետ բանակցել է, և ամենայն հավանականությամբ, առաջիկայում կմեկնարկեն եկեղեցու վերանորոգման աշխատանքները։
Շիրակավանում 1980-1981 թվականներին կառուցված մշակույթի տունը քայքաված վիճակում է, 300 նստատեղով դահլիճում միայն ջարդված գույքն է մնացել։ Մարզպետը վստահեցրեց, որ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում բոլոր բարձրացված հարցերը կընդգրկվեն։ Պատասխանատուները մշակույթի տուն այցելությունից հետո ծանոթացան եկեղեցում իրականացվող ներքին հարդարման աշխատանքներին։ Համայնքապետարանի շենքում անցկացված խորհրդակցության ժամանակ՝ խոսելով բնակիչներին հուզող խնդիրների մասին, Կարեն Սարուխանյանը նշեց, որ գյուղեր այցելությունների նպատակը մարդկանց դարդուցավին ականջալուր լինելն է․ «Մեզ համար չափազանց կարևոր է անձամբ ծանոթանալ համայնքներին հուզող հիմնահարցերին, լսել, փորձել օգնել, իսկ համայնքի ղեկավարից ու պատասխանատռուներից հոգատար ու տքնաջան աշխատանք է պահանջվում, բոլորս պետք է հասկանանք, որ երկրում փոխվել է իշխանությունը, պահանջները պատասխանատուների աշխատանքից։ Ես վստահ եմ, որ եթե համատեղ աշխատենք, եթե համայնքների ղեկավարները իրենց պարտականությունները կարողանան պատշաճ կատարել, ապա շատ խնդիրներ կկարողանանք արագ լուծել»։
721 բնակիչ ունեցող Լուսաղբյուր բնակավայրում բնակիչները կարևորեցին խմելու, Իսահակյանում էլ ոռոգման խնդիրների լուծումը։ Ի դեպ Իսահակյանում անդրադարձ եղավ մշակույթի տան և մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման և նպատակային օգտագործման հարցին։ Նշենք, որ խոշորացումից հետո այստեղ կատարվել են բնակավայր տանող ճանապարհի մասնակի նորոգման ու փողոցային լուսավորության անցկացման աշխատանքներ։
Աղինում կայացած խորհրդակցության ժամանակ վարչական ղեկավար Արմենակ Համբարձումյանը նշեց, որ այս տարի հացահատիկի աննախադեպ բարձր բերք են ստացել, մեղվապահությամբ զբաղվող պատասխանատուն դժգոհ չէր նաև այս տարվա մեղրի քանակից։
Բոլոր բնակավայրերում կայացած հանդիպումների ժամանակ մարզպետը պատասխանատուներին հորդորեց առանձնակի ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանն ու սուբվենցիոն նոր ծրագրեր կազմելուն, որոնք կներկայացվեն կառավարությանը։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:50:46