Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել էր Շիրակի մարզ

15.08.2018

Օգոստոսի 15-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նախարարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման աջակցության հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց Ազատան համայնք: Ազատանում օգոստոսի 8-ի երեկոյան շուրջ քսան րոպե տեղացած աննախադեպ մեծության կարկուտի հետևանքով համայնքի ցորենի, կարտոֆիլի և եգիպտացորենի ցանքերը լուրջ վնասներ էին կրել: Կարկտաբեր ամպերը, որոնք եկել էին Թուրքիայի կողմից, լինելով 4-րդ աստիճանի անհնար էր եղել հակակարկտային կայանների միջոցով վնասազերծել: Նշենք, որ վնասվել էին նաև գյուղացիների տնամերձներում ցանած բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները: Գյուղացիներից մեկը սրտնեղեց, որ կարկտահարությունից տասն օր է անցել, սակայն պաշտոնյաները նոր են եկել համայնք: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղեկացրեց, որ կարկտահարության հաջորդ օրը ևեթ մարզպետարանի համապատասխան մասնագիտական հանձնաժողովը եղել է համայնքում, արձանագրել վնասի չափերը, ամփոփվել և ուղարկել նախարարություն: "Կարկտահարությունից երկու ժամ հետո կամ հինգ ժամ հետո գալը ոչինչ չէր ասելու և տալու ոչ հանձնաժողովին, ոչ գյուղացուն",- հավելեց մարզպետը: Նախարարն էլ նկատեց. "Եթե նույնիսկ երկու ժամ հետո գար որևէ պաշտոնյա, ինչ էր փոխվելու ձեր կյանքում, միթե վնասի չափը փոխվելու էր: Կարևորը կառավարությունը մտահոգ է գյուղացու խնդիրներով և քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու ուղղությամբ"։
Արթուր Խաչատրյանն անդրադառնալով այս տարվա կարկտահարության հասցրած վնասներին նշեց. "Ողջ հանրապետությունում այս պահի դրությամբ վնասը կազմում է մոտ վեց ու կես միլիարդ դրամ, անցած տարի եղել է 12 միլիարդ , 2016 թվականին՝ 33 միլիարդ դրամ։ Ինչպես նապորդ տարի, այսբտարի ևս գյուղնախարարությունը կգնահատի վնասի չափերը և աջակցություն կցուցաբերի, բայց նախարարության տեսակետն այն է, որ մարդը վնաս է կրել՝ փոխհատուցվի կանխիկ դրամի տեսքով, այլ ոչ թե տարբեր պարտավորություններ իր փոխարեն մենք կատարենք": Պարոն Խաչատրյանն ասաց նաև, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր կիրականացվի երեք մարզերում՝ Արարատում, Արմավիրում և Շիրակում, առաջին երկու մարզերում կապահովագրվի խաղողն ու պտուղ-բանջարեղենը, Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը։ "Եթե համակարգը գործի, պարզ է, որ մարդիկ իրենց վնասի փոխհատուցումը կստանան, այս համակարգը բոլոր զարգացած երկրներում գործում է։ Սա կարող է լրացուցիչ խթան լինել գյուղատնտեսության մեջ կատարելիք ներդրումների ակտիվացման առումով",-ասաց նախարարը։
Ազատան համայնքից հետո հյուրերն այցելեցին Գյումրու "Սելեկցիոն կայան" ՓԲԸ, որտեղ շրջայցից, հացահատիկային մշակաբույսերի տեսականիներին ծանոթանալուց և փորձարարական դաշտում տեղական ոլոռի բերքը տեսնելուց հետո, գյուղատնտեսության նախարարը աշխատակազմին ներկայացրեց կայանի նոր տնօրենին՝ Ջիվան Ասլանյանին, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ նախորդ տնօրենին իր լավ ու երկարատև աշխատանքի համար պարգևատրել են նախարարության "Ոսկե մեդալով" և ուղարկել վաստակած հանգստի: Հաջորդ կանգառը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն /ԳԱՄԿ/ ՓԲԸ-ում էր, որտեղից հետո հյուրերը մեկնեցին Ալվար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58