Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Մարմաշեն համայնք

23.08.2018

Օգոստոսի 22-ին ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, տեղակալի, խորհրդականների, օգնականի և աշխատակազմի պատասխանատուների հետ այցելեց Մարմաշեն խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր: Մարզպետը քաջատեղյակ է համայնքներում առկա խնդիրներից, այցելության հիմնական նպատակն էր տեղում տեսնել և բնակիչներից լսել խնդիրները: Մարմաշեն գյուղի բուժ կետը ջուր չունի, գյուղը մանկապարտեզ չունի, երեխաներին քաղաք են տանում մանկապարտեզ, ինչի դիմաց յուրաքանչյուր ծնող վճարում է 16 հազար դրամ: Դպրոցում շատ քիչ թվով երեխաներ մի քանի ժամով հաճախում են նախակրթարան: Ֆինանսավորման խնդիր կա մանկապարտեզ պահելու համար: Համագյուղացիներից մեկը գյուղի մի կիսաքանդ կառույց նվիրել է համայնքին, որտեղ նախատեսում են ամրացումից հետո օգտագործել որպես երիտասարդական կենտրոն: Պարոն Սարուխանյանն անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, որն այս պահի դրությամբ վատ չէ, սակայն պարոն մարզպետը հորդորեց ավելի ակտիվ լինել հարկերի հավաքագրման հարցում, այն վերջին հաշվով կրկին օգտագործվելու է գյուղում բազմաթիվ հարցեր լուծելու համար: Վահրամաբերդում լուրջ խնդիրներ չկար: Կար Լենգես ավանում մի քանի տանիքի վերանորոգման խնդիր: Հիմնական խնդիրը կապված է սելավատարի հետ, որի երկար տարիներ չմաքրվելու հետևանքով ուժեղ անձրևների ժամանակ դառնում են սելավի պատճառ: Կապսում հիմնական խնդիրը դպրոցն ու մանկապարտեզն է: Դպրոցը երկար տարիներ խիստ վթարային վիճակում է: Ճիշտ է, հրատապով կա նախատեսված որոշակի գումար, սակայն, քանի որ, վթարայնության աստիճանը շատ բարձր է, խելամիտ և նպատակային չի լինի այդ գումարները ծախսել դպրոցի վրա: Ավելի լավ է նոր նախագիծ ունենալ, նոր մեկ հարկանի դպրոցի համար, որի ծախսերն անհամեմատ քիչ կլինի: Երկրաշարժից հետո լիտվացիների կառուցած մանկապարտեզը պարզապես անփութության և չօգտագործելու արդյունքում ունի վերանորոգման խնդիր: Բայց հիմնականում չի գործում ֆինանսավորման պակասի պատճառով և տարիների ընթացքում վերածվել էր Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի, որտեղ դեռևս պահպանվում էին կուսակցության առաջնորդի նկարը և կուսակցության պաստառը: Օգտագործելով երեխաների մանկապարտեզը որպես նախընտրական շտաբ, խոստանալով անվտանգություն և առաջընթաց, այդպես էլ երեխաները մնացին առանց մանկապարտեզի: Ի տարբերություն Կապսի, Մայիսյանի նախակրթարանն ուներ շենքային և գույքային լավ պայմաններ, ուր հաճախում են 26 երեխա: Կար միայն ջեռուցման խնդիր, այդ հարցի լուծմամբ հնարավոր կլինի բացել նաև երկրորդ խումբը, ինչն իր հերթին կլուծի երեխաներին քաղաք մանկապարտեզ տանելու այդ ցավոտ հարցը: Փաստորեն նախակրթարանի ցավոտ հարցն առկա էր նաև Քեթի գյուղում: Գյուղում կա նաև ոռոգման ջրի խնդիր: Վարչական պատասխանատու Թորգոմ Սահակյանը տեղեկացրեց, որ նախորդ իշխանություններին ներկայացրել էր սուբվենցիոն ծրագիր ոռոգման ջրագծերի հարցով, սակայն այդպես էլ հարցը լուծում չգտավ: Հովունիում մի քանի անհայտով խնդիրներ ծագեցին: Գյուղում, փաստորեն, կան հողակտորներ, որոնք մի քանի սեփականատեր ունեն, մի քանի սեփականության վկայականով, որոնցից միայն մեկն ունի կադաստրային կոդ, մնացածները սեփականության իրավունք են առանց կոդի, թե ինչպես՝ պարզ կդառնա գյուղապետարանում և մարզպետարանում եղած բոլոր հիմքերը ստուգելուց հետո: Շիրակի մարզպետը տվեց համապատասխան հանձնարարական մեկօրյա ժամկետում ճշտել խնդրո առարկա հարցը և զեկուցել: Այնտեղից Շիրակի մարզպետը և նրան ուղեկցողներն այցելեցին Փոքրաշենի եկեղեցի: 1864-66 թթ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին ինչպես մնացած շատ եկեղեցիներ խորհրդային տարիներին շարունակ անուշադրության է մատնված եղել, ունի լուրջ վնասված վիճակ: Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը միջոցներ է հատկացրել եկեղեցու տանիքի վերանորոգման համար: Տանիքը վերանորոգվել է, սակայն եկեղեցին կարիք ունի լուրջ վերանորոգման, որի ֆինանսավորումն, իհարկե, համայնքի ղեկավարը չունի: Պարոն Սարուխանյանը հանդիպման ավարտին Մարմաշեն համայնքի ղեկավարին կրկին հորդորեց առավել արդյունավետ դարձնել սեփական եկամուտների և գույքահարկի գումարների հավաքագրման գործընթացը: Արդեն հոկտեմբեր ամսին մարզպետարան ներկայացնել 2019 թվականի համար սուբվենցիոն իրատեսական ծրագրեր՝ ի շահ համայնքի զարգացման և բարգավաճման:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58