Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այդպես էլ չկարողացան հիմնավորել բողոքը

29.08.2018

Երկու օր առաջ Շիրակ գյուղի հատվածում մարզի մի քանի բնակավայրերի բնակիչներ փակել էին միջպետական ճանապարհը, բողոքելով համայնքների խոշորացման գործընթացի դեմ և պահանջում առանձնացնել համայանքները: Ավելի ուշ, ճանապարհը բացելուց հետո, Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այցելել հիշյալ մի քանի համայնքներ, տեղերում հասկանալ ինչումն է խնդիրը: Առաջինն ուր օգոստոսի 29-ին այցելեց Շիրակի մարզպետը, տեղակալի, օգնականի և աշխատակազմի պատասխանատուների հետ Շիրակ գյուղն էր: Մարզպետը և նրան ուղեկցողները նախ ծաղիկ դրեցին զոհված զինծառայող Գոռիկ Գարեգինյանի հուշաքարին և գնացին հանդիպելու գյուղացիներին: Ցավոք շատ մեծ եղավ բոլորի հիասթափությունը, երբ մարզպետի հետ հանդիպման եկածները խմած էին, չգիտեին ինչ էին պահանջում, որն էր բողոքի հիմնական պատճառը: Պարզ դարձավ մի բան: Գյուղացիների մի ստվար մաս տեղեկացված չէին հենց համայնք հասկացությունից, ոչ մեկը չէր այցելել համայնքային կենտրոն, բայց բոլորը դժգոհում էին տեղեկանք ստանալու խնդրից, որն ինչպես պարզվեց տալիս է հենց վարչական պատասխանատուն: Համայնքի նախկին ղեկավարը իր պաշտոնավարման տարիներին չանելով գրեթե ոչինչ, այդպես էլ չկարողացավ մի լուրջ հիմնավորում բերել իր չարածի փոխարեն մի քանի անգամ ավելի շատ աշխատանք կատարած համայնքի ղեկավարի դեմ, միայն ավելացնելով, որ ինքը անձի դեմ խնդիր չունի: Բնակիչների բողոքները բազմաբնույթ էին, բայց ինչպես իրենք էին ասում դրանք երեսուն տարվա կուտակված խնդիրներ են, և այդպես էլ չկարողացան որևէ մեկ բողոք ներկայացնել, որ առաջացել է համայնքի խոշորացման արդյունքում: Կամոյում նույն խնդիրն էր, այն տարբերությամբ որ գյուղացիները խմած չէին: Այստեղ ևս պարզ երևում էր վարչական ղեկավարի դեմ լարվածությունը, ով երկար տարիներ եղել է նույն համայնքի ղեկավար: Գյուղացիները տեղյակ չէին, որ իրենց գյուղում 75 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզ է կառուցվելու շուտով, մի քանի օրից շինարարի մրցույթն է լինելու: Շատ զարմացան, և այն հիմնավոր էր, քանզի համայնքի ղեկավարը, չնայած այցելել էր գյուղ, սակայն չէր հանդիպել բնակչությանը, մարդիկ տեղյակ չէին իրենց համար նախատեսվող այդ հսկայածավալ ծրագրից: Միայն ասում էին, ճանապարհը վատ է, ջուր չկա: Բայց և ճանապարհը վատ էր մինչև խոշորացումը, և ջուր չկար մինչը խոշորացում: Համայնքի ղեկավարը խոստացավ հաճախակի հանդիպել բնակիչներին, լսել վերջիններիս առաջարկները բնակավայրում որևէ ծրագիր իրականացնելու առաջնահերթության հետ կապված և խոստացավ հարթեցնել գյուղամիջյան ճանապարհը: Կառնուտում վիճակը հանգիստ էր, այնտեղ հիմնականում մանկապարտեզի խնդիր կար, որն այս տարի լուծում չի ստանա, բայց հաջորդ տարվա համար կմտածեն սուբվենցիոն ծրագիր: Հովիտում նույն միջանձնային խնդիրն էր, որն ուղեկցվում էր ջուր և ճանապարհ չունենալու բողոքներով, ինչը միանշանակ չի եղել խոշորացումից առաջ էլ: Պարոն մարզպետը հանձնարարեց ցանկապատել ջրի ակունքը և հնարավորինս հարթեցնել ճանապարհը, ինչը հետո բնակիչները խոստովանեցին, որ երկու անգամ միայն այս տարի է հարթեցվել: Բասենում համայնքի նախկին ղեկավարը նույնպես շեշտը դրեց ոչ թե անձերի, այլ հենց խոշորացման վրա, ներկայացնելով իր իննը տարվա պաշտոնավարման ընթաքցում կատարած աշխատանքները: Պարոն Սարուխանյանի այն հարցին, թե դեմ լինելով խոշորացման գործընթացին, այնուամենայնիվ ինչու առաջադրվեցիք, և եթե ընտրվեիք, կրկին պետք է բողոքեիք խոշորացման գործընթացի դեմ, պարոն Համլետ Պետրոսյանը այդպես էլ չպատասխանեց: Պարզվում է մինչև խոշորացումը համայնքի ներքևի թաղամասի 16 ընտանիք ջուր չեն ունեցել, չնայած, որ նախկին գյուղապետը ներկայացնում էր իր ու մի շարք կազմակերպությունների միջոցներով կատարված աշխատանքները, որից մեկը ջրագիծ անցկացնելն է եղել: Նախկին գյուղապետը դժգոհում էր խոշորացումից, պարզվում է իրենց ընտանիքը սեփական եկամուտների մասով բավականին պարտքեր ունի, ինչը անհասկանալի մեկնաբանեց պարոն Պետրոսյանը նշելով, որ բազաները սխալ են եղել, ես էլ բազայով չեմ առաջնորդվել: Աբսուրդի հասնող պատասխանի շարունակությունը իրավապահ մարմինների մոտ է, կքննեն անհասկանալի բազայի հարցը, նոր պարզ կդառնա, ինչ կապ ուներ խոշորացումը սխալ աշխատաոճի հետ: Ջրառատը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չուներ ոչ մի խնդիր, ճիշտ է բնակիչների որոշ մաս բողոքել էին հողերի հետ կապված, բայց հարցը լուծվել է, շուտով կհայտարարվեն մրցույթներ և պարզ կլինի, որքանով էին արդարացի նախկինում երբեք վար ու ցանք չարած բնակիչների բողոքները հողերի հետ կապված: Նույն նորմալ վիճակը Այգաբացում էր: Արևիկում էլ կային խնդիրներ, բայց դրանք ոչ անձերի հետ էին կապված ոչ էլ խոշորացման: Բնակիչներն առաջարկում էին ընդամենը, որևէ ծրագիր իրականացնելուց առաջ լսել իրենց կարծիքը նոր կայացնել որոշում որքան էլ այն լավը լինի: Պարոն մարզպետը այցելության ավարտին համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին հորդորեց հնարավորինս շատ այցելել բնակավայրեր, շատ հանդիպել մարդկանց, լսել վերջիններիս բողոքները, առաջարկները, խնդրանքները, ինչպես նաև, հնարավորինս շատ տեղեկատվություն տարածել կատարված աշխատանքների վերաբերյալ, մարդիկ պետք է տեղյակ լինեն իրականացվող ծրագրերից, որտեղ ինչ է կատարվում, այլապես ուրիշների միջոցով կիմանան, սխալ տեղեկատվություն կիմանան և կստացվի այն իրավիճակը, ինչ եղավ երկու օր առաջ: Մարդիկ շատ քիչ են տեղեկացված, իսկ քիչ տեղեկացված մարդկանց մոտ գերակշռողը իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունն է:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21