Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

12.09.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ սեպտեմբերի 12-ին հյուրընկալել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին: 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը:
Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը` մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ դպրոցական սննդի ծրագիրն համարում է հաջողված նախաձեռնություններից, որն ունի ոչ միայն սոցիալական նշանակություն, այլև դաստիարակչական, այն դպրոցական վաղ տարիքում երեխաներին սովորեցնում է համակեցության կարևոր կանոններ: «Մեզ համար կարևոր է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվի առանց խոչընդոտների, այժմ որոշակի դժվարություններ ունենք ծրագիր ընդգրկված աշխատակիցների ֆինանսավորման ուղղությամբ և կուզենայինք ձեզ հետ քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները»,-ասել է Սոֆիա Հովսեփյանը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Շիրակի մարզի պատասխանատու Վահան Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել մարզային իշխանության ներկայացուցիչներին համագործակցված աշխատանքի համար և նշել, որ մարզում այս առումով առաջընթացը համարում է մարզի` բնագավառի պատասխանատուների հոգատար աշխատանքի արդյունք. «Պետք է մեր գոհունակությունը հայտնենք Շիրակի մարզի կրթության ոլորտի ղեկավարությանը, քանի որ միշտ համագործակցել ենք ձեզ հետ`«Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ: ՊՀԾ-ն շարունակում է աջակցել ծրագրին փոխանցված դպրոցներին՝ վերանորոգումների, սարքավորումների, դպրոցների տնօրեններին և խոհարարներին երեխաների սնուցման և առողջ սննդի թեմաներով վերապատրաստումներ անցկացնելու, ինչպես նաև դպրոցների և սնունդ արտադրողների միջև կապն ամրապնդելու միջոցով»:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ծրագրերի բաժնի ղեկավար Արփինե Փորսուղյանն էլ վստահեցրել է, որ իրենք պատրաստ են համագործակցության, մինչ այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի 84 դպրոցներում, 133 դպրոցների էլ խոհանոցային սարքավորումներ են տրամադրվել, աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58