Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման միջազգային ծրագրի ներկայացուցիչների հետ

17.09.2018

Սեպտեմբերի 14-ից 21-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրիում հյուրընկալում է Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման միջազգային ծրագրի ներկայացուցիչներին: Պատվիրակության անդամներին սեպտեմբերի 17-ին հանդիպել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը: Հանդիպման ընթացքում խոսվել է ներառական կրթության առանձնահատկությունների մասին:
Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը ողջունել է հյուրերին ու նշել, որ կարևորում է այսօրինակ այցելություններն ու հանդիպումները. «Բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու: Վստահ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ կլինեն, հնարավորություն կունենանք փորձի ու մտքերի փոխանակման»:
Սոֆիա Հովսեփյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է ներառական կրթությանն առնչվող ծրագրերն ու այս ոլորտում առկա հիմնահարցերը: Մարզպետի տեղակալը նշել է, որ 2019 թվականին մարզն անցնում է ընդհանուր ներառականության, ինչը նշանակում է մասնագետների կարիքն ավելի շատ է զգացվելու, հիմա արդեն մարզային իշխանություններն այս առումով փորձում են քայլեր ձեռնարկել:
Հյուրերը մարզպետի տեղակալից հետաքրքրվել են, թե ինչն է եղել պատճառ, որ որոշել է ներառական կրթությամբ զբաղվել: Սոֆիա Հովսեփյանն էլ նշել է, որ ամեն ինչ մեկ աշակերտի հետ աշխատանքից է սկսել ու դրանից հետո իր համար առաքելություն է դարձել այս աշխատանքը. «Ինձ համար կարևոր է, որ բոլոր երեխաները հավասար պայմաններում կրթություն ստանան, ես պետք է հաղթահարեմ խնդիրները, որպեսզի երեխաներին կարողանամ հնարավորինս շատ օգնել»:
Կողմերը զրուցել են նաև հետագա համագործակցության մասին։
Նշենք, որ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի դպրոցների միջև գործընկերության հաստատմանը, դպրոցների աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակմանը։
Ծրագրում Գյումրիից ներգրավված են Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-ի, իսկ Գերմանիայից՝ Բեռլինի ամենամեծ Կարլ Ֆոն Լիննե հատուկ դպրոցի 14 հոգանոց պատվիրակությունները։
Ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան) և «Kulturherz e.V.» ՀԿ-ի (Գերմանիա) կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության «ENSA» ծրագրի շրջանակներում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23