Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց մարզի խորհրդի հերթական նիստը

10.10.2018

 Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցը վերաբերել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2018 թվականի 9 ամիսների կատարմանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 80.3%-ով: Նախկին վարչական տարածաշրջաններից ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում` 63.1%:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման խնդրին` Շիրակի մարզպետը նշել է, որ այս առումով մի շարք համայնքների ցուցանիշները բավական մտահոգող են, խոսքն այն 23 համայնքների մասին է, որոնք մարզի միջին ցուցանիշից էլ ցածր գումարներ են հավաքագրել. «Ես զարմանում եմ, երբ մարզային իշխանությունները կոշտ վերաբերմունք են ցույց տալիս համայնքների ղեկավարների վատ աշխատանքին` նեղանում են, սակայն սեփական պարտականությունների կատարման հարցում թերանում են: Չէ որ հարկերը, որոնք հավաքելու եք մնալու են ձեր համայնքում, ուղղվելու են ձեր համայնքների հոգսերի թեթևացմանը: Իմ հանձնարարականով ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք ղեկավարում են իմ տեղակալները, նրանք կաշխատեն ձեզ հետ, կօգնեն այս աշխատանքներում, բայց անգործություն ոչ մի համայնքում չպետք է լինի»:
Նշենք, որ Գյումրի քաղաքը սեփական եկամուտները կատարել է 85.5%, Արթիկ քաղաքը` 87.3%-ով:
Մարզի համայնքներում բերքահավաքի և գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին օրակարագային երկրորդ հարցի զեկուցողը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն էր: Չնայած նախորդ տարվա համեմատ մարզում ավելի քիչ ցանքատարածություններ են մշակվել, սակայն տարին բերքառատ է, մարզում արտադրվել է 114 հազար տոննա հացահատիկ: Առավել մտահոգողը կարկտահարություններից մարզի կրած վնասն է` 22 համայնքներում 5100 հա ցանքատարածքների վնասի չափը կազմել է 3 մլրդ դրամ: Վնասի գնահատման ամբողջական փաթեթներն ուղարկվել են գյուղատնտեսության նախարարություն: Տարածքային վարչության պետ Արամ Անտոնյանը համայնքների ղեկավարներին հորդորել է առավել հետևողական գտնվել և աղետների, կարկտահարությունների ժամանակ մինչ մարզային հանձնաժողովի համայնք այցելելը ստեղծել համայնքային հանձնաժողովներ, որոնք հենց սկզբից կկարողանան արձագանքել ու արձանագրել վնասները:
«Ես անընդունելի եմ համարում, որ համայնքների ղեկավարներն այս հարցում հետևողական չեն, չէ որ համայնքների բնակիչների կրած վնասների մասին առաջինը համայնքային հանձնաժողովը պետք է արձանագրի, դուք պետք է այս հարցում առավել շահագրգիռ լինեք»,- նշել է մարզպետը:
Մարզխորհրդի օրակարգային հաջորդ հարցը բյուջեի միջոցներով մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կատարման ընթացքի վերաբերյալ էր: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ ծրագիր են ընդգրկվել 17 օբյեկտների շինարարական աշխատանքներ, 2 սուբվենցիոն ծրագրեր և 3 բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարց: Հետագայում այս ծրագրում ընդգրկվել են նաև առկա նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ունեցող երկու ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներ` Հոռոմ-Հովտաշեն և Ջաջուռ-Մեծ Սարիար:
Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից 2018 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել է ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը: Ըստ այդմ, հունիսի 4-ից մինչ այսօր ընկած ժամանահատվածում ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 2 ֆինանսական, 3 համակարգի գնահատման, 3 համապատասխանության աուդիտ և 3 մասնագիտական ուսումնասիրություն: Արդյունքում հայտնաբերվել են 43 միավոր թերություններ և խախտումներ, որի արդյունքներով արձանագրվել է 33235.2 հազ. դրամ վերականգնման ենթակա գումար, աուդիտորական 3 հաշվետվություն ուղարկվել է իրավապահ մարմիններին, 3 կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, աշխատանքից ազատվել է 1 առողջապահական և 1 պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
Սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի մասին անդրադարձել է զարգացման ծրագրերի զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը` նշելով, որ ներկայացված 19 ծրագրերից հաստատվել է 9 -ը: Կարեն Սարուխանյանը հորդորել է համայնքների ղեկավարներին հաջորդ տարվա բյուջեներում առավել մեծ ուշադրություն դարձնել ֆոնդային մասին, ինչն հնարավորություն կտա նոր սուբվենցիոն ծրագրեր իրականացնել:
Հանդիպման ավարտին մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է համայնքների ղեկավարներին` հորդորելով զերծ մնալ կոռուպցիոն գործարքներից ու պայմանավորվածություններից, այլապես նրանց նկատմամբ կցուցաբերվի ամենախիստ մոտեցումը, ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում ու քրեական պատասխանատվության ենթարկում:

Զեկույցները կցվում են

Զեկույցները կցվում են

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23