Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

05.11.2018


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Նախքան օրակարգային հիմնական հարցերին անցնելը՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մարզպետների հատուկ ուշադրությունն է հրավիրել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա՝ ընդգծելով դրանց լիարժեք պատրաստված և կազմակերպված մոտենալու անհրաժեշտությունը։
Այնուհետև Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախորդ խորհրդակցությունների արդյունքում մարզպետներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և կառավարչական գործունեության պատշաճ կազմակերպման տեսանկյունից առանցքային համարել դրանց նկատմամբ պատասխանատվությամբ և սրտացավությամբ վերաբերվելու հրամայականը։
Անդրադառնալով խորհրդակցության օրակարգային բաղադրիչ հանդիսացող համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետների առջև խնդիր է դրել անհատական կերպով աշխատել բոլոր համայնքապետերի հետ, բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում առ այն, որ հողի հարկի ու գույքահարկի գծով պետության կողմից չի լինելու որևէ զիջում՝ ինչը պայմանավորված է օրենքի և պետական բյուջեի առջև ունեցած պարտավորությունների կատարման անխուսափելիությամբ։
Սուրեն Պապիկյանը ներկաներին հայտնել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրային հայտերի նախապատրաստման և ֆինանսական պլանավորման գործընթացում առաջացած տեխնիկական ու ընթացակարգային բարդություններից խուսափելու նպատակով, նախարարության կողմից հաջորդ տարվա համար կմշակվեն հայտերի կազմման և ներկայացման նորացված ընթացակարգեր։
Խոսելով մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով տարվող նախապատրաստական աշխատանքների մասին՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ մարզում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքների որակը ու դրանց ծախսարդյունավետությունը։ Սուրեն Պապիկյանը հորդորել է խստապահանջ գտնվել ձմռան շրջանում ճանապարհները մաքուր պահելու և երթևեկության համար անվտանգ պայմաններ ստեղծելու հարցում։
Խորհրդակցության ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև մարզային և համայնքային ենթակայության կազմակերպություններում ջեռուցման համակարգերի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև մարզերի առողջապահական կազմակերպություններում կուտակված պարտքերի նախադրյալների բացահայտմանը վերաբերող հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:58:53