Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի հետ

12.11.2018

Նոյեմբերի 12-ի Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրան հաջորդած իրադարձությունների մասին: Կլեմեն Վուլեյին հետաքրքրել է մարզում տիրող վիճակը, հեղափոխությունից հետո զարգացումներն ու փոփոխությունները. «Հարգելի պարոն Սարուխանյան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ես Հայաստանում եմ ՀՀ կառավարության հրավերով և իմ նպատակը խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման և 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստումն է»:
Շիրակի մարզպետը ողջունել է հյուրին և նշել, որ կարևորում է մեր երկրում ժողովրդավարության հաստատումն ու հեղափոխությունից հետո շուտափույթ դրական տեղաշարժերի արձանագրումը. «Վստահ եմ, պարոն Վուլեյ, դուք տեղեկացված եք, որ վերջին իրադարձություններից, մեր թավշյա հեղափոխությունից հետո այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են մեր քաղաքացիների հոգսերն ու խնդիրները լուծելու համար: Ես, որպես Շիրակի մարզպետ, անցած ամիսների ընթացքում 3000-ից ավելի քաղաքացիներ եմ ընդունել, յուրաքանչյուր ուրբաթ ինձ մոտ ընդունելություն է լինում, ամեն շաբաթ հանդիպում եմ մարզի մտավորականներին` լսելու մարզի զարգացման նրանց տեսլականը»:
Կարեն Սարուխանյանը ՄԱԿ Հատուկ զեկուցողի խնդրանքով անդրադարձել է իրավապահ համակարգի նկատմամբ մարզի բնակչության վերաբերմունքին` նշելով, որ հեղափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է ինչպես իրավապահների, այնպես էլ ժողովրդի: Շիրակի մարզպետը նշել է, որ այժմ իրենց համար առաջնային է առաջիկա ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը: «Մեզ համար ամենակարևորը որակական նոր մակարդակի ընտրությունների անցկացումն է, գործող իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, առաջիկա ընտրություններով մենք պետք է վերացնենք այն քաղաքական ճգնաժամը, որն առկա է մեր երկրում` գործադիր ու օրենսդիր մարմինների միջև եղած տարաձայնություններով պայմանավորված: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ընտրություններում ոչ մի խախտում, ոչ մի թերացում չլինի»:
Կլեմեն Վուլեյը շնորհակալություն է հայտնել մարզպետին բովանդակալից զրույցի համար և տեղեկացրել, որ նոյեմբերի 16-ին կայանալու է մամուլի ասուլիս, որի ընթացքում ինքը ներկայացնելու է Հայաստան կատարած այցի ընթացքում վերհանված նախնական դիտարկումները և առաջարկությունները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23