Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության արտագնա նիստն անցկացվել է Գյումրիում

07.12.2018

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը վարում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Արտագնա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի նշան 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի:
Գործադիրը հավանություն տվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր:
«Այս որոշմամբ մենք, ըստ էության, արձանագրում ենք նաև այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար պետք է բարձրացվի աղետների դիմակայության, պաշտպանվածության մակարդակը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ 2018 թ. մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774,425.0 հազ. դրամ, որից 354,915.0 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականացման համար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր:
Աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:
Ըստ այդմ` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից 4839-ի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:
Արտագնա նիստում քննարկվեց նաև աղետի գոտու անօթևանների հարցը, ներկայացվեցին որոշակի թվային տվյալներ և առաջարկություններ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ կարող ենք արձանագրել մեր ունեցած ամենամեծ պրոբլեմը` մենք չունենք գնահատական, թե ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար:
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց կներկայացնի 2 ամիսը մեկ:
Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ աշխատանքի ծավալը, կշիռը, գնահատականը: «Մեզ պետք է հստակ ռազմավարական փաստաթուղթ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին: Ռազմավարությունը պետք է տա նաև հետևյալ հարցերի պատասխանը՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Այս հարցի պատասխանը պետք է չլինի միակողմանի՝ կառավարությանը կամ քաղաքապետարանինը: Դա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հանրության հետ պետք է ճշտվի: Պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ նկատմամբ ունենք, ո՞ւմ նկատմամբ չունենք պարտավորություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48