Նորություններ
Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը մասնակցեց «Ամասիայի Ձմեռ» միջոցառմանը
09.02.2019
Փետրվարի 9-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի է ունեցել «Ամասիայի Ձմեռ» ամենամյա մարզական միջոցառումը: Դահուկավազք, կշռաքարերի բարձրացում, բազկամարտ, կոխ, ըմբշամարտ, շախմատ, ֆուտբոլ, պարանի ձգում, այս մարզաձևերում են մրցել երեխաներն ու լավագույններն արժանացել պատվոգրերի ու մեդալների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ողջունելով ներկաներին՝ նա դպրոցականներին հորդորել է առավել ակտիվ լինել ու միշտ մասնակցել այսօրինակ միջոցառումներին։
Մարզի հյուսիսային բնակավայր այցելությունն առիթ է եղել նորանշանակ մարզպետի համար Ամասիա համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջելու բրդի վերամշակման արտադրամասում, տեղում ծանոթանալու արտադրամասի պայմաններին, չինական արտադրության ժամանակակից սարքավորումներին:
«Մարզպետի պաշտոնում առաջին այցս է տարածաշրջան, սակայն շտապեմ տեղեկացնել, որ հանդիպումներն ու քննարկումները չեն ուշանա, քանզի ինձ համար չափազանց կարևոր է տարածաշրջանի հիմնահարցերի ու առաջնահերթությունների գույքագրումն ու դրանց լուծման տեսլականի քննարկումը, ռազմավարության մշակումը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Ամասիայի մանկապարտեզ, ծանոթացել 60 երեխա ունեցող հաստատության պայմաններին, այնուհետև Տիգրան Պետրոսյանը եղել է երիտասարդական կենտրոնում, որտեղ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքներ։