Նորություններ
Փետրվարի 9-ին ազդարարվել է «ԵՄ-ն՝ Լոֆթ Գյումրիում» ծրագրի բացումը
09.02.2019
Աջակցել երիտասարդներին, նրանց ներգրավել տարբեր ձեռնարկներում, իրազեկել Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների մասին՝ այս նպատակով այսօր Գյումրիում տրվել է «ԵՄ-ն՝ Լոֆթ Գյումրիում» ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, երիտասարդներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դասախոսությունների, քննարկումների անցկացում, ազգային խոհանոցի վարպետության դասեր, ազգային երգ ու պարի ուսուցանում, թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպում և այլ միջոցառումների իրականացում։
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունել է ներկաներին և նշել, որ կարևորում է Եվրամիության բոլոր ծրագրերի իրականացումը Շիրակի մարզում։
Համագործակցությունը կարևորել է նաև Շիրակի մարզպետը։ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկա փուլում ծրագրերը բազմապատկելու հնարարվություն կա, դրա համար կարևոր է ֆիքսել այն հիմնական ռեսուրսները, ուժեղ կողմերը, որոնք ունի Շիրակի մարզը․ «Այս ամենի մեջ առաջնահերթը մարդիկ են, ովքեր ապրում են այստեղ։ Շիրակցու տեսակը յուրահատուկ է, դա պետք է լինի այն ռեսուրսը, որը Շիրակը պետք է ներկայացնի։ Թե Գյումրին, թե մարզի հյուսիսը մեծ հնարավորություններ ունեն ներկայանալու։ Ուրախ եմ, որ ԵՄ-ն ևս կարևորում է մեր մարզի հնարավորությունները։ Մշակութային ու տուրիստական խաչմերուկ դառնալու հնարավորություն ունի մեր մարզկենտրոնը՝ Գյումրին, դա իր հետ կբերի ոչ միայն Շիրակի մարզի, այլ նաև հյուսիսային Հայաստանի զարգացմանը։ Մենք, որպես մարզային իշխանություններ, կհամագործակցենք, կքննարկենք բոլոր մոտեցումները, որոնք կան օրակարգում, առավելագույնս բոլոր ռեսուրսներով կկանգնենք նրանց կողքին, քանզի այդ ձեռնարկներով հնարավոր կլինի աղքատության, գործազրկության հիմնահարցերը լուծել»։