Նորություններ
Հանդիպում գործարարների հետ
18.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է ծնունդով գյումրեցի, ամերիկաբնակ գործարար Ազատ Հովհաննիսյանին, որը Շիրակի մարզ է ժամանել իր չինացի գործընկերների հետ և ցանկություն ունի ներդրումներ կատարել Շիրակի մարզում: Հյուրերը մարզային իշխանություններին ներկայացրել են իրենց ցանկություններն ու կիսվել առաջիկա անելիքներից, ըստ որի ցանկանում են պլաստմասե տարաների և մանկական տակդիրների արտադրության հոսքագծեր ներմուծել Հայաստան և արտադրությունը կազմակերպել Շիրակի մարզում:
Տիգրան Պետրոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ չափազանց կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները. «Ես ուրախ եմ, որ դուք նախընտրել եք Շիրակի մարզը, որ ծնունդով գյումրեցի գործարարի համար կարևոր է հայրենի քաղաքում ներդրում կատարել, մենք, որպես մարզային իշխանություններ, վստահեցնում ենք, որ ամեն ինչ կանենք մեր իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում, որպեսզի ձեզ աջակցենք»:
Գործարարները զրուցել են մարզի զարգացման հեռանկարների, առաջիկա անելիքների ու նոր ձեռնարկների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել ու քննարկել գործարարների կողմից ներկայացվող բիզնես ծրագիրն ու հնարավոր աջակցության ուղիները: