Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսին
20.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ձեռնարկներին ու համագործակցությանը:
Անտոնիո Մոնտալդոն շնորհավորել է Տիգրան Պետրոսյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ. «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, գիտեմ, որ դուք այժմ շատ զբաղված եք, սակայն ժամանակ եք գտել մեզ հետ հանդիպելու և մեր համագործակցության հնարավոր ուղիների մասին զրուցելու»,- նշել է Իտալիայի պատվո հյուպատոսը:
«Հարգարժան պարոն Մոնտալդո, ինձ համար պատիվ է ձեզ հյուրընկալել, ես որպես տարածքային կառավարման մարմնի ղեկավար չափազանց կարևոր եմ համարում մեր համագործակցությունը ցանկացած բնագավառում: Ուրախ եմ, որ Իտալիայի կառավարությունը Երևանից զատ դիվանագիտական ներկայացուցչություն ունի նաև մեր քաղաքում, իսկ դուք արդեն երկար տարիներ մեր մարզկենտրոնում եք ապրում և հասցրել եք մի շարք ձեռնարկների ու ծրագրերի հեղինակ դառնալ»,- ընդգծել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Կողմերն անդրադարձել են Շիրակի մարզի հիմնահարցերին, մասնավորապես, անօթևանությանն ու աղքատությանը՝ կարևորելով դրանց հաղթահարմանը միտված ձեռնրակների ու ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել նաև տուրիզմի ու քաղաքային զբոսաշրջության զարգացման հիմնահարցերին, խոսվել է ընդհանուր մոտեցումների, առկա խնդիրների լուծման ուղիների ու դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել հյուպատոսին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում հարաբերությունների սերտացմանն ու կապերի ամրապնդմանը նպաստելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներն ու քննարկումներն առավել հաճախակի դարձնելու, ինչն հնարավորություն կտա նոր նախագծերի կյանքի կոչմանը: