Նորություններ
«Պապ և թոռ»՝ շախմատի մրցաշար
20.02.2019
Շախմատ մարզաձևին առավել տիրապետող դպրոցականներին ու տարեցներին ի հայտ բերելու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին կազմակերպվել է «Պապ և թոռ» շախմատի մրցաշարի Շիրակի մարզի տարածաշրջանային փուլը: Մրցումներն անց են կացվել Գյումրու Արթիկի Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի և Մարալիկի դպրոցներում: Խաղատախտակների առաջ իրենց ուժերը չափել են 79 թիմեր, որը մասնակցության բավական բարձր թիվ է:
Շախմատի մրցաշարն անց է կացվել թիմային հաշվարկով: Թիմի կազմում ընդգրկված են եղել մինչև 2005 թվականը ծնված դպրոցականներ /անկախ սեռից/ և նրանց պապերը: Որոշ մրցավայրերում մրցումներին անմասն չեն մնացել նաև տատիկները՝ ցույց տալով իրենց շախմատային գիտելիքները:
Մրցաշարն անց է կացվում 2 փուլով՝ տարածաշրջանային և մարզային:
Տարածաշրջանային փուլում հաղթող և մրցանակակիր դարձած թիմերը կմասնակցեն միջոցառման մարզային փուլին, որը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ Գյումրու համայնքապետարանի շախմատի մարզադպրոցում:
Մարզային մրցումները կանցկացվեն շվեյցարական մրցակարգով՝ 7 տուրով, ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր խաղացողին կտրվի 15 րոպե ժամանակ՝ մինչև խաղի ավարտը: