Նորություններ
Աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
21.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ամբողջ աշխատակազմի հետ, թեև անցած աշխատանքային տասն օրերի ընթացքում մարզպետն առանձին հանդիպել էր բոլոր վարչությունների աշխատակիցներին: Խորհրդակցության մեկնարկին Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին հետևողական աշխատանքի համար և հորդորել լինել առավել օպերատիվ ու ցուցաբերել թիմային մոտեցում խնդիրների լուծման առումով:
«Ինձ համար որպես մարզպետ կարևոր է աշխատանքի արդյունավետությունն ու աշխատանքը թիմում, այս փուլում գնահատումն այս չափանիշով պետք է լինի: Որքան առողջ աշխատանքային մթնոլորտ լինի մեզ մոտ, այնքան մեր մարզի ազգաբնակչությանը հուզող հարցերին լուծում տալու ուղիների որոնումն արդյունավետ կլինի: Հանրային ընկալումը մեր կառույցի նկատմամբ պետք է որքան հնարավոր է դրական լինի, մենք աշխատում ենք մարզի բնակչության համար»,- նշել է Շիրակի մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարաններում առաջիկայում սպասվելիք կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր ևս, մարզպետը լսել է աշխատակիցների տեսակետները, պատասխանել նրանց հուզող հարցերին: