Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել էր Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

22.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման մեկնարկին Շիրակի մարզպետը նշել է, որ որպես նոր նշանակված ղեկավար կարևորում է Շիրակի մարզի զարգացումը, որը կնպաստի մարզում անօթևանության և աղքատության հաղթահարմանը. «Հարգարժան պարոն դեսպան, մեզ համար պատիվ է ձեզ հյուրընկալել Շիրակի մարզպետարանում: Այն ծրագրերը, որոնք մինչ այժմ իրականացրել է Եվրամիությունը Շիրակի մարզում չափազանց մեծ կարևորություն ունեն մեզ համար: Ես երկար տարիներ որպես քաղհասարակության ներկայացուցիչ հետևել եմ ձեր գործունեությանը և հիմա ուրախ եմ, որ որպես տարածքային կառավարման մարմնի ղեկավար պետք է համագործակցեմ ձեզ հետ: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը ստացվելու է: Նոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին Շիրակի մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ձեզ հնարավորությունների սահմաններում և բաց է քննարկման՝ ցանկացած ֆորմատով»:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Պետրոսյանին ջերմ ընդունելության համար և կարևորել մարզպետի անձնական շահագրգռությունը՝ մարզում զարգացման ծրագրերի իրականացման հարցում. «Հարգելի պարոն մարզպետ, Եվրամիությունն ակնկալում է սերտ համագործակցություն Շիրակի մարզպետարանի և անձամբ ձեզ հետ: Մենք ուրախ կլինենք, որ մեր ջանքերը, որոնք ուղղված են լինելու Հայաստանի հյուսիսային մարզերում տարբեր բնագավառների զարգացմանը, գտնեն աջակցություն: Իմ անձնական ձգտումն է, որ 2019 թվականի համար նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն որքան հնարավոր է շուտ, ավելի վաղ շոշափելի արդյունքներ արձանագրենք»:
Դեսպան Սվիտալսկին տեղեկացրել է, որ արդեն կառավարության հետ քննարկվել է գործողությունների ծրագիր, որի շրջանակներում
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 31 մլն 250 հազար եվրո: Նախատեսվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23