Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այսօր հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ

25.02.2019

Շիրակի մարզպետն այսօր հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ: Աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին: Նշելով, որ կրթությունը պետության կողմից մարզում իրականացվող ամենամեծ ծրագիրն է, որի ֆինանսավորումը մարզի ֆինանսավորման առյուծի բաժինն է տանում, Շիրակի մարզպետն ընդգծել է, որ այդ բնագավառն ամենաշատ խնդիրներն ունի:
«Այն, որ կրթական գլոբալ ճգնաժամ կա ողջ աշխարհում, գաղտնիք չէ որևէ մեկի համար, բայց որ մեզ մոտ խնդիրները երբեմն դեռ կենցաղային մակարդակի վրա են՝ մտահոգիչ է: Աշխատանքային այս մի քանի օրերի ընթացքում ես ավելի շատ զբաղված եմ եղել կրթության, այսպես ասած, հրդեհների մարմամբ, այսինքն տարատեսակ վեճերի ու տարաձայնությունների քննարկմամբ, սա ինձ մտահոգում է: Ես հասկանում եմ, որ կրթության կազմակերպիչները նախկինում, իրավիճակից դուրս գալով, դարձել են քաղաքական անառողջ խաղերի սկզբից մասնակիցներ, հետո նաև դերակատարներ, դարձել են տնտեսական կապերի շահաբաժին ձեռք բերելու գործիք ու արդյունքում տուժվել է կրթական ողջ գործընթացը: Հիմա փոխվել է ամեն ինչ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը վստահեցրել է, որ այսուհետ կրթական գործընթացներին ու կրթության կազմակերպիչների նկատմամբ վերաբերմունքը հստակ է լինելու, յուրաքանչյուր պատասխանատու իր աշխատանքում ազատ է լինելու՝ իրականացնելու օրենքով սահմանված լիազորություններն ու պարտականությունները:
«Մեր կրթության վարչությունն այսօր հստակ հանձնարարական է ստացել՝ մշակելու Շիրակի մարզի կրթության զարգացման «ճանապարհային քարտեզ», որի միջոցով մենք կնախանշենք մեր առաջնահերթություններն ու դրանց լուծմանը միտված ձեռնարկները: Ձեզ նաև ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն որոշակի գործիքներ ենք մշակում խնդիրների լուծման համար: Առաջին քայլերից մեկն է լինելու ուսուցիչների բանկի ստեղծումը, որը հնարավորություն կտա համակարգից դուրս մնացած մասնագետներին աշխատանք գտնելու: Կստեղծենք նաև Շիրակի մարզի կրթության զարգացման աշխատանքային խումբ, որն իր բնույթով լինելու է ավելի շատ խորհրդակցական մարմին, ինչը հնարավորություն է տալու մարզպետին որոշումների կայացման հարցում ունենալ նաև մասնագիտական եզրակացություն»:
Շիրակի մարզպետը նախանշել է այն երկու կարմիր գծերը, որոնցից անցնելու դեպքում նպատակահարմար չի համարելու աշխատել տվյալ պատասխանատուների հետ, դրանցից մեկն այն դեպքն է, երբ գիտակցված գործողությունների արդյունքում տուժել է պետության հեղինակությունը: Երկրորդն այն դեպքն է, երբ գիտակցված գործողության արդյունքում խաթարվել է մարդկանց հավատը իրականացված փոփոխությունների նկատմամբ:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը հորդորել է տնօրեններին լինել ավելի նախաձեռնողական, հանդես գալ նորարար գաղափարներով, որոնց իրականացմանը միտվելու են բոլոր պատասխանատուների ջանքերը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21