Նորություններ
Հանդիպում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ներկայացուցիչների հետ
27.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ներկայացուցիչներին: Տիգրան Պետրոսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում, մասնավորապես, առողջապահական ու կրթական ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրին, որի վերաբերյալ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է օգնելու և աջակցելու կազմակերպությանը՝ դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի իրականացման հարցում:
«Ծրագրային մասով այս պահին ունենք հստակեցման անհրաժեշտություն, տարիներ շարունակ աշխատելով երիտասարդների հետ, այժմ էլ որպես մարզպետ առավել քան շահագրգիռ եմ այս բնագավառում դրական միտումներին միտված քայլերի իրականացմանը և արդյունավետ համագործակցությանը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Անդրադարձ է եղել կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի ևս: Ինչպես նշել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը, իրենք ուշադրության կենտրոնում են պահում հաստատություններում բնակվող երեխաներին և փորձում են անել քայլեր, որոնք կնպաստեն երեխաներին ընտանիք վերադարձնելուն: Այժմ Շիրակի մարզում անցկացվում է հաստատություններում բնակվող երեխաների կարիքների գնահատում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: