Նորություններ
Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոսին
27.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին: Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Պետրոսյանին մարզպետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ալեքսան Տեր-Մինասյանը վստահություն է հայտնել, որ Շիրակի մարզում դրական փոփոխություններ կլինեն:
«Ես ուրախ եմ, որ դուք ստանձնել եք այս պատասխանատու պաշտոնը, գիտեմ, որ ձեր ջանքերն ուղղված են լինելու մեր մարզի զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ալեքսան Տեր-Մինասյանը:
Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և վստահության համար ու նշել է, որ ցանկացած դրական փոփոխության հնարավոր կլինի հասնել համագործակցության արդյունքում:
«Հարգելի պարոն Մինասյան, ձեր՝ տարիների ընթացքում իրականացրած աշխատանքները, կատարած գործը միշտ ոգևորող է եղել, դուք այն քիչ մարդկանցից եք, որ ձեռնարկներով նպաստել եք մարզի զարգացմանը, զբոսաշրջության հնարավորությունների բացահայտմանը: Մենք պատրաստ ենք և մեծ պատրաստակամությամբ կողջունենք նոր առաջարկներն ու ծրագրերը, մեր լիազորությունների շրջանակներում կաջակցենք ձեզ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են մարզում զբոսաշրջության զարգացման, ներդրումներ ներգրավելու, մշակութային նախաձեռնությունների ակտիվացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: