Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետին

04.03.2019

 Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ պրն. Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով:
Հանդիպման ընթացքում խոսվեց 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Շիրակի մարզի բնակչությունը շնորհիվ իր հավատքի և զորեղ կամքի կարողացավ ամուր և հաստատուն պահել իր ոգին: Նորին Սրբությունը կարևորությամբ ընդգծեց, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը: Հայոց Հայրապետը փաստեց, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռի և թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական կլինեն:
Անդրադառնալով թեմի հոգևոր կյանքի զորացմանը և հոգևոր դասի ծառայությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծեց, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնեական հավատի հանդեպ նախանձախնդրությամբ և իրենց եկեղեցասեր նկարագրով:
Իր հերթին նորանշանակ մարզպետը նշեց, թե որպես հայ մարդ և հայ քրիստոնյա պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Պրն. Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձավ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարևորելով նաև համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը ուժ և կարողություն մաղթեց մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21