Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Սարապատ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

07.03.2019

 Հյուսիսային Շիրակի ամենավերջին բնակավայրը Ձորաշենն է՝ Սարապատ խոշորացված համայնքի կազմում է, մարզկենտրոնից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն մի ողջ բնություն է փոխում եղանակն ու պայմանները, գարունն այստեղ այնքան էլ շուտ չի գալիս, բայց դիտելու, հիանալու շատ բան կա:

«Ինձ համար Շիրակի մարզի հյուսիսն այն տեղն է, որի ներուժն անսպառ է ու դեռ չի օգտագործվում, այնինչ եթե օգտագործենք, ապա և համայնքներն ու բնակավայրերը կուժեղանան, և մարզը: Վստահ եմ՝ մեր համագործակցության ու երիտասարդ նախաձեռնողների մասնակցությամբ հնարավոր է զարգացնել ու շենացնել մեր բնակավայրերը»,- Ձորաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ձմեռային տուրիզմի զարգացման, հեռանկարային ծրագրերի ու բնակավայրի հիմնախնդիրների մասին է խոսվել ինչպես Ձորաշենում, այնպես էլ Սարապատում: Չիչկան գետի ձախ ափին տեղակայված բնակավայրը ծովի մակարդակից շուրջ 2000 մ բարձրության վրա է գտնվում: Տարրական դպրոցն ընդամենը երկու աշակերտ ունի: Շիրակի մարզպետն այցելել է բնակավայրի դպրոց, զրուցել բնակիչների հետ: Մարզպետը նրանց տեղեկացրել է, որ բնակավայրի զբոսաշրջային հնարավորություններով արդեն իսկ հետաքրքրված են նախաձեռնող երիտասարդները, որոնց աջակցելու պատրաստակամություն ունեն մարզային իշխանությունները:
Մարզպետն այցելել է նաև Փոքր Սարիար, Բաշգյուղ բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները: Բնակիչները դժգոհել են ճանապարհների վատ վիճակից: Ճանապարհների վատ վիճակից դժգոհել, բայց անասնապահական հաջողությունների մասին մարզպետին պատմել են Սալուտի բնակիչները: Այստեղ հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ և մեղվապահությամբ:
«Ես վստահ եմ, որ ձեր նախաձեռնողականությունն ու ներկայումս պետության կողմից ոչխարաբուծության զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը կնպաստեն անասնապահության այս ճյուղի զարգացմանը ձեր բնակավայրում: Մենք, որպես մարզային իշխանություններ պատրաստ ենք նոր ծրագրերն ու առաջարկներն ուղղորդել այստեղ և օգնել ու աջակցել՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը: Բնակավայրի տարրական դպրոցն ունի 5 աշակերտ: Մարզպետին է ներկայացվել դպրոցական գույքի թարմացման խնդիրը:
Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև Մուսայելյան ու Հարթաշեն, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58