Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գյումրիում գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ

19.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարտի 19-ին այցելեց մսային կիսաֆաբրիկատների և երշիկների արտադրություն իրականացնող «Բելիսսիմո» ընկերություն, շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ աշխատանքներին: Տեղական մսից պատրաստված սառեցված կիսաֆաբրիկատների և երշիկի արտադրությամբ շուրջ 7 տարի զբաղվող ընկերությունը վերջին շրջանում ընդլայնել է գործունեությունը: Ինչպես ներկայացրեց սեփականատեր Երվանդ Ջեյրանյանը, ընկերությունն այժմ շուրջ 25 տեսակի արտադրանք է թողարկում:
«Մեզ համար կարևոր է, որ տեղի գործարարները մնում են մարզում և աշխատում են այստեղ: Ձեր գործունեությունն ու ծավալների ընդարձակումը ոգևորում է և հույս ներշնչում, որ տեղական ներդրողները ևս կարող են ազդել տնտեսական տեղաշարժի վրա»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետի հաջորդ կանգառը Գյումրու «Վարդերի ջերմոցում» էր: Երիտասարդ գործարար Ցոլակ Չադրյանը մի քանի տարի է, ինչ վարդերի ջերմոցային տնտեսություն է հիմնել, ընկերոջ հետ հասցրել են տնտեսությունը ընդարձակել, նոր ծրագիր սկսել ու վստահ են, որ ցանկացած գործարար հաջողության կհասնի, եթե ճիշտ կազմակերպի գործունեությունը՝ հոգատարությանը ժամանակակից տեխնոլոգիաներն ու ժամանակի պահանջները խառնվեն: Նոր ջերմոցը կառուցվել է ժամանակակից բոլոր ստանդարտներով, 10 տեսակի վարդերը աճեցվում են հիդրոպոնիկ եղանակով:
«Այն, որ գյումրեցի երիտասարդները նախաձեռնող են՝ միանշանակ է: Ուրախ եմ, որ ձեր ընկերության փորձն ու զարգացման պատմությունը դրա մասին են խոսում: Առավել ուրախ կլինեմ, եթե կարողանամ աջակցել ու օգնել ձեզ՝ գործունեությունն ընդարձակելու և նոր շուկաներ գրավելու ճանապարհին գործընկերներ գտնելու և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»,- ընդգծեց Շիրակի մարզպետը:
Մարզպետն այցելեց նաև «Խայծ Իշխան» ՍՊԸ, որն իր գործունեությունը սկսել է 1999 թվականից: Ռուսական պատմական Կարմիր Բերդը՝ «Չերքեզի Ձոր» ապրանքանիշի շնորհիվ դարձել է գյումրեցիների, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրը:
«Կարծում եմ, որ «Խայծ Իշխանի» արտադրանքը արտահանման լուրջ ներուժ ունի: Ուրախ եմ, որ ընկերությունը չի սահմանափակվում ձեռք բերածով և առաջ է գնում՝ ձգտելով միջազգային չափանիշներին համապատասխան որակ ապահովել»,- նշեց Շիրակի մարզպետը:
Գործունեության ընթացքում ընկերությունը, ձկնաբուծության զարգացմանը զուգընթաց, զարգացրել է նաև ձկան վերամշակումը, տեսականու մեջ առանձնանում է իշխանի խավիարի արտադրությունը, ինչը դարձել է ընկերության այցեքարտը: Պատրաստի խավիարի արտադրանքը հայկական շուկայում գերազանցում է առկա տեսականուն և մրցունակ է ռուսական և արտասահմանյան շուկաներում։ Տնօրեն Համիկ Գևորգյանի խոսքերով 2018-ին արտահանել են շուրջ 15 տոննա խավիար, նախատեսում են այս տարի ցուցանիշները կրկնապատկել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58