Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Աշոցք խոշորացված համայնքում

21.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, համայնքային այցելությունների շրջանակում, եղել է Աշոցք խոշորացված համայնքում, խորհրդակցություն անցկացրել համայնքի ղեկավարի, վարչական պատասխանատուների, ավագանու անդամների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել համայնքի հիմնահարցերին, չլուծված խնդիրներին: Կարևորելով տեղերում հանդիպումների կազմակերպումն ու քննարկումների անցկացումը` Շիրակի մարզպետը նշել է, որ Աշոցքն այն համայնքն է, որը մի շարք առանձնահատկություններ ունի և դրանք պետք է օգտագործել ի շահ համայնքի:
Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:
«Մեր մարզի հյուսիսն, իհարկե, շատ խնդիրներ ու չլուծված հարցեր ունի, բայց նաև մեծ ներուժ ունի, որը պետք է մենք օգտագործենք, սա է պատճառը, որ այս ձևաչափով հանդիպում ենք անցկացնում ձեզ մոտ, որի ժամանակ կլսենք ձեր բոլոր մտահոգությունները, կգրանցվեն բոլոր խնդիրները, հաշվի կառնվեն ձեր առաջարկները, իսկ ամենից շատ կգնահատենք ձեր նախաձեռնողականությունը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Համայնքի ներկայացուցիչները կարևորել են Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգումը, ինչի վերաբերյալ մարզային իշխանությունները նշել են, որ խնդրի ամբողջական լուծումը կլինի «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացումից հետո: Անդրադարձ է եղել համայնքում անօթևանության խնդրի, տվյալների ամբողջական հավաքագրման, ինչպես նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, վառելիքի, սերմացուի հատկացման ու ձեռքբերման տարբերակներին:
Թավշուտ, Զույգաղբյուր, Մեծ Սեպասար և Ղազանչի բնակավայրերը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիր են ընդգրկվել, խոսվել է աշխատանքների մեկնարկի ձգձգմանն առնչվող խնդիրների մասին: Ջրարբիացման ծրագրի իրականացումը հետաձգվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում կառուցվածքային փոփոխությունների պատճառով:
«Համայնքների՝ տարբեր ծրագրերում ընդգրկվելու ցանկությունն ու նախաձեռնությունը չափազանց կարևոր է, ուրախ եմ, որ Աշոցքը սուբվենցիոն երեք հայտ է ներկայացրել, խնդիրները միանգամից չեն լուծվի, բայց դրանց լուծմանը կարող ենք հասնել քայլ առ քայլ»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Աշոցքի սուբվենցիոն ծրագրերով կարևորվել է մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը, ռոտորային ձյունամաքրիչի ձեռքբերումը, արևային էներգիայի կայանի տեղադրումը:
Քննարկման ավարտից հետո Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև համայնքի դպրոց: Դպրոցի շենքը կառուցվել է 2014 թվականին, ունի 302 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13