Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է Մարմաշեն խոշորացված համայնքի բնակիչների հետ

03.04.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր եղել է Մարմաշեն խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում: Համայնքի ղեկավարի, վարչական պատասխանատուների և ավագանու անդամների հետ նախապես կայացած խորհրդակցության ժամանակ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է այս ձևաչափով հանդիպումների անցկացումը, քանզի համայնքային այցելությունները հնարավորություն են տալիս բնակավայրերի խնդիրների և մթնոլորտի մասին առավել հստակ կարծիք կազմել:
«Ինձ համար, որպես Շիրակի մարզպետի, անմիջական շփումներն ու մարզի բնակավայրերում լինելն անչափ կարևոր է: Մեր մարզի բոլոր համայնքներն իրենց հոգսերն ու խնդիրներն ունեն, դրանց գույքագրումը, դրանց մասին ամբողջական տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը մեր աշխատանքի կարևոր պայմաններից մեկն է լինելու, իսկ որ ամենակարևորն է, դրանց լուծմանն է միտված լինելու մեր գործունեությունը»,- նշել է Շիրակի մարզպետը:
Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձել են գյուղոլորտի հիմնախնդիրներին, մասնավորապես, կարևորելով հակակարկտային կայանների տեղադրումը:
2019 թվականին խոշորացված համայնքը սուբվենցիոն 7 հայտ է ներկայացրել կառավարություն, դրանք վերաբերում են բազմաբնակարանների տանիքների վերանորոգմանը, Կապս և Մարմաշեն բնակավայրերի մանկապարտեզի շենքերի վերակառուցմանը, Մայիսյան բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմանը, ինչպես նաև Լեռնուտ բնակավայրում հյուրանոցի կառուցմանը:
Մարզպետը շրջել է համայնքապետարանում, ծանոթացել աշխատանքներին: Մայիսյան-Հացիկ և Գյումրի-Հացիկ ճանապարհահատվածների վատթար վիճակի ու նորոգման աշխատանքների անհրաժեշտության մասին է խոսվել Հացիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
"Գյումրի-Հացիկ-Կարմրաքար" մարզային նշանակության ճանապարհը գտնվում է խիստ անմխիթար վիճակում և հիմնանորոգման կարիք ունի: Այն հանդիսանում է նաև Հացիկ և Կարմրաքար բնակավայրերը Գյումրի համայնքին կապող ամենակարճ և հարմար ճանապարհը: Ճանապարհի 1կմ հատվածը գտնվում է Գյումրի համայնքի վարչական տարածքում: Շիրակի մարզպետարանի հրավերով այսօր բնակիչների հետ հանդիպմանը մասնակցել է նաև Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, որը նշել է, որ Գյումրու համայնքի ղեկավարի հետ Շիրակի մարզպետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել ճանապարհի՝ Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող հատվածի նորոգման աշխատանքները միջոցների առկայության դեպքում ընդգրկել համայնքային բյուջեով 2020 թվականի ընթացքում իրականացվելիք փողոցաշինական ծրագրում:
Ճանապարհների նորոգման կարևորության մասին է խոսվել նաև Հացիկի վարչական տարածքում գտնվող «Ծակ քար» անունը կրող սրբավայր-ուխտատեղիում շրջայցի ժամանակ: Քննարկվել են տարածքը ակտիվ զբոսաշրջային կենտրոն դարձնելուն միտված ծրագրերի իրականացմանն առնչովող հարցեր:
Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Շիրակ բնակավայրում, որտեղ ծաղիկներ են դրել երկրորդ աշխարհամարտի զոհվածների հուշակոթողին, այնուհետև հարգանքի տուրք մատուցել 2017թվականին հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած Գոռ Գարեգինյանի հիշատակին կառուցված խաչքարին: Մարզային իշխանության ներկայացուցիչները Գոռի անունը կրող դասասենկայում մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը:
Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև Ջաջուռ բնակավայր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44